Այսօր Ստրասբուրգում շարունակվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 66 կողմ, 70 դեմ քվեարկությամբ մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:

 

Լիագումար նիստում ընդունվեց Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» անվանումով հակահայ զեկույցը: Զեկույցի օգտին քվեարկեց 98, դեմ՝ 71 պատգամավոր:

 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ. «Բանաձևերի քաղաքական ազդեցությունը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վրա չեզոքացվել էր մինչ քվեարկության դրվելը, և դա հաստատում է, որ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ և ըստ էության դատապարտեցին Ադրբեջանի՝ հարցը միջազգային այլ հարթակներ բարձրացնելու քաղաքականությունը:

 

Բանաձևերն այս պահից սկսած՝ շարունակում են գոյատևել զուտ որպես դիվանագիտական-քարոզչական փաստաթղթեր, որոնք Ադրբեջանը կօգտագործի իր հակահայկական քարոզչության մեջ:

 

Եվ այն փաստը, որ ԵԽԽՎ-ն այսօր բանաձևերից մեկն ընդունեց, մյուսը՝ մերժեց, խոսում է այն մասին, որ հայկական կողմը լուրջ էր պատրաստվել ձմեռային նստաշրջանին և կարողացել էր չեզոքացնել բանաձևերից այն մեկը («Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը), որտեղ համեմատաբար ավելի շատ  քաղաքական գնահատականներ էին հնչել: Այստեղ քաղաքական դիրքորոշումներ կային, քաղաքական գնահատականները շատ էին, իսկ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ՝ Միլիցա Մարկովիչի հեղինակած՝ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» անվանումով հակահայ զեկույցում շեշտադրումները հումանիստական էին:

 

ԵԽԽՎ-ն փորձեց հավասարակշռված մոտեցում ցուցաբերել բանաձևերից մեկն ընդունելով, մյուսը՝ մերժելով, այնպես անել, որ հակամարտող երկու կողմն էլ իրեն բավարարված զգա»,- ասաց Շահնազարյանը:

 

Վերջինս նշեց, որ սա հասկանալի մոտեցում է եվրոպացի պատգամավորների կողմից, բայց բոլոր դեպքերում, եթե անգամ երկու բանաձևերն էլ ընդունվեին՝ հիմնական խնդիրը, որ պետք է անհանգստացներ հայկական կողմին, դրա հնարավոր քաղաքական զարգացումներն էին, որոնք, ինչպես ասվեց, հայկական կողմը չեզոքացրել էր մինչ նստաշրջանի մեկնարկը:

 

Գայանե Համբարձումյան