Կրեմլում հրաժարվում են մեկնաբանել լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Ռուսաստանի և Եգիպտոսի հատուկ ծառայությունները բացահայտել են ռուսական A321 օդանավի կործանման համար պատասխանատու ահաբեկիչների ինքնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ այդ մասին ոչինչ չի կարող ասել: «Կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ դուք պետք է դիմեք հատուկ ծառայություններին»,- ասել է Պեսկովը:
Մեկնաբանելով ՌԴ-ի և Եգիպտոսի միջև օդային հաղորդակցության վերականգման հնարավորությունը՝ Պեսկովը նշել է, որ ՌԴ համապատասխան մարմիններն այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում Եգիպտոսի իրենց գործընկերների հետ: «Հենց սկզբից, երբ հաղորդակցությունը դադարեցվում էր, մենք հայտարարել ենք, որ այն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստեղծվել համապատասխան պայմաններ մեր քաղաքացիների անվտանգության համար: Դրան հասնելու համար աշխատանքներ են տարվում:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, որ հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել մի խումբ անձանց ինքնությունը, ովքեր մասնակցել են A321 օդանավում ահաբեկչություն կազմակերպելու գործընթացին, ինչպես նաև այն անձի ինքնությունը, ով պայթուցիկ նյութը տարել է օդանավ: