Թուրքիայում գործող «Քրդստանի համայնքների միություն» (KCK) կազմակերպությունը, որը համարվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքացիական թևը, Դիարբեքիրում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի համար մեղադրել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
«Այս կոտորածն իրականացնողներն անկասկած գործել են ԱԶԿ հրահանգով: ԺԴԿ-ի նախընտրական աշխատանքները խափանելու նպատակով արված հարձակմամբ ցանկացել են նյարդայնացնել ժողովրդին»,- ասել է KCK գործադիր խորհրդի անդամ Մուստաֆա Քարասուն: Նա նշել է, որ իշխող կուսակցության և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության համագործակցության հետևանքով էլ նման հարձակումներ են տեղի ունենում:
Քարասուն մեղադրել է իշխող կուսակցությանը քուրդ ժողովրդի դեմ պատերազմ հայտարարելու համար: «Այս հարձակումների դիմաց մեր ժողովուրդը պետք է պինդ մնա, մարդասպաններից հաշիվ պահանջի»,- շեշտել է նա:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Դիարբեքիրում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից կազմակերպված մեծ հանրահավաքի ժամանակ 5 րոպե ընդմիջումով երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 3, վիրավորվել շուրջ 300 մարդ: Կատարվածի պատճառները հայտնաբերելու համար տարվում է հետաքննություն: Շատերը տեղի ունեցածը որակել են որպես սադրանք: