Եվս մեկ անգամ ԵԽԽՎ-ի հակահայկական բանաձևերի քվեարկության մասին: Մինչ օրս շրջանառվող հիմնական կարծիքները երկուսն են՝ մենք հաղթել ենք և մենք պարտվել ենք: Իսկ ես գտնում եմ, որ ԵԽԽՎ-ում մենք ո՛չ հաղթել ենք, ո՛չ էլ պարտվել: Բանաձևերից մեկի չընդունումը հաղթանակ չեմ համարում, որովհետև դա արհեստականորեն կմեծացնի ԵԽԽՎ-ի նման ձևական ու էական դեր չխաղացող կառույցի նշանակությունը, որովհետև եթե նույնիսկ Ուոլթերի բանաձևն ընդունվեր՝ դրանից մեզ համար ոչինչ չէր փոխվի, քանի որ ԵԽԽՎ-ի որոշումները չունեն իրավական ուժ և մենք պարզապես չէինք կատարի այդ պահանջը և վերջ:

 

Պարտության հարց այստեղ առավել ևս չի կարող լինել: Երկրորդ բանաձևն ընդունվեց, և ի՞նչ: Ի՞նչը կփոխվի դրանից. իհարկե, ոչինչ էլ չի փոխվի, ոչ մի որոշում չի կատարվի, որովհետև, կրկնում եմ, այդ որոշումները չունեն իրավական ուժ, դրանք ընդամենն իրենց բնույթով առաջարկներ են, իսկ առաջարկը կարելի է ընդունել, կարելի է նաև չընդունել: Տվյալ դեպքում, բնական է, չենք ընդունի: Հետևաբար ի՞նչ պարտության մասին կարող է խոսք լինել...

 

Բայց, պարզվում է, մեր՝ ոչ բարով հարևաններն այդպես չեն կարծում, նրանք այնքան են գերագնահատել ԵԽԽՎ-ի նշանակությունը, որ իրենց համարում են լիարժեք պարտված և դրանից ելնելով՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Մամեդ Դեիդովին հեռացրել են զբաղեցրած պաշտոնից:

 

Դե ի՞նչ ասեմ. ամեն դեպքում հաճելի է, երբ թշնամիդ ևս մեկ անգամ իրեն պարտված է համարում, և Ադրբեջանի դեպքում դա իրոք այդպես է, քանի որ նրանք իրենց էությամբ արդեն պարտված են՝ բոլոր հարցերում, պարտվելը նրանց կոչումն է, նրանց ապրելակերպը:
Իսկ մենք պարտված չենք: Եվ ընդհանրապես, ժամանակն է վերանայել մեր մոտեցումները տարբեր կառույցներին, հասկանալ՝ արժե՞ արդյոք այդքան կարևորություն տալ կարևորություն չունեցող կառույցին, թե՞ ավելի նպատակահարմար կլինի այդ ներուժն օգտագործել ավելի արդյունավետ տեղերում, թեկուզ այլ՝ շատ ավելի կարևոր կառույցների հետ համագործակցության մեջ:

 

Կարեն Վարդանյան