Այս գիշեր կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արագած ավան-գյուղում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորի ինքնությունը: Կայքի տեղեկություններով, մահացածներն են 40-ամյա Արտյոմ Սասունի Խամոյանը և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի եղբոր որդին է:

 

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում հայտնաբերել են «Ford Transit», «Mersedes» և «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, իսկ գյուղի փռի մոտ' ամբողջովին ջարդված և վնասված, կողաշրջված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Փռի ապակիները ամբողջովին կոտրված են:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրօրի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները նշված սպանությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Թալինի բաժին բերման են ենթարկել 1 հոգու, ում մոտ հայտնաբերվել է «Վինչեսթեր» տեսակի հրացան:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում