Հայաստանում բենզինի վաճառքի գինն ադեկվատ է արտերկրից դրա ձեռքբերման գնին: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

 

Ներկայացնելով բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները՝ Արտակ Շաբոյանը նշեց, որ բենզինի ներկրման և իրացման ոլորտը բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկա է, ուստի այս բնագավառը մշտապես ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում է, և իրականացվում են շարունակական ուսումնասիրություններ: «ՀՀ-ում բենզինի գները նախորդ տարի նվազել են՝ 470-ից իջնելով 390 դրամի, եթե դոլարային արտահայատությամբ գնահատենք, ապա բենզինի գները շատ ավելի են նվազել: 2014-ի դրությամբ բենզինի գինը 480-ից նվազել է 390 դրամի, ուստի նշված ժամանակահատվածում բենզինի վաճառքի գները նվազել են 28 տոկոսով, ինչն ադեկվատ է բենզինի ձեռքբերման գներին»,- ասաց Շաբոյանը:

 

Շաբոյանն ասաց, նաև որ ուսումնասիրել են նաև իրավիճակը տարբեր երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Չեխիայում նախորդ տարի բենզինի գների նվազել են 7-10 տոկոսով, իսկ 2015-ի ընթացքում եվրոյով արտահայտված բենզինի գները ՀՀ-ում նվազել են 14 տոկոսով:

 

Նավթի տեսակարար կշիռը կարևոր նշանակություն ունի բենզինի գնի վրա և այն հիմնականում Հայաստան է ներկրվում Ռուսաստանից: Այս առնչությամբ Շաբոյանը նշեց. «ՌԴ-ում նավթի արդյունահանման ծախսերը մեծ ծավալ են կազմում, հարկերն ունեն տեսակարար մեծ կշիռ, բացի այդ, կատարվում են բենզինի ներկրման տրանսպորտային մեծ ծախսեր: Ստացվում է, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի գնի մեջ նավթի տեսակարար կշիռը միայն ութ տոկոս է, ինչի փոփոխությունը քիչ ազդեցություն է ունենում բենզինի վաճառքի գնի վրա»: