ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթրակված նախագահի թկենածու Պարույր Հայրիկյանը այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է եւ պրոցեդուրաներ է ստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը:
Նա նշեց, որ Պարույր Հայրիկյանի աջ ձեռքի ցավերը շարունակվում են, այդ պատճառով էլ պրոցեդուրաներ, տոկեր, մասսաժներ, դեղեր եւ այլ բուժումներ է ստանում:
Հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախագահի թեկնածուն այժմ պետք է ռենտգեն հետազոտություն անցնի, իսկ այսօր նա կմնա հիվանդանոցում, կպառկի Կրծքային վիրաբուժության բաժանմունքի իր հիվադասենյակում:
Նշենք, որ մարզեր կատարած երկար այցելությունները վատ են անդրադարձել Հայրիկյանի առողջական վիճակի վրա: Իսկ այսօր նախատեսված այցելությունը Լոռիի մարզ հետաձգվել է:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում' իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ' Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել: Մահափորձից հետո' փետրվարի 1-ին, Հայրիկյանը հայտարարել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան' ընտրությւնները հետաձգելու խնդրանքով: Այնուհետեւ նա մի քանի անգամ փոխել է իր որոշումը' մեկ հայտարարելով, որ դիմելու է, մեկ' որ դեռ որոշում չի կայացրել: Փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ' երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու խնդրանքով, իսկ փետրվարի 11-ին նա ՍԴ-ից հետ է վերցրել իր դիմումը: Նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am