Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը մասնակցել են Փարիզի Մեծ Սաղավարտին:

60 կգ քաշայինների պայքարում Հովհաննես Դավթյանն անցկացրել է 4 հաղթական գոտեմարտ: Կիսաեզրափակչում հայ մարզիկը զիջել է ճապոնացի Տորու Շիշիմեին: Բրոնզե մեդալի համար պայքարում նա պարտվել է կորեացի Վոն Ջին Կիմին: Դավթյանը վաստակել է վարկանիշային 100 միավոր:

Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) երկու հաղթական գոտեմարտ է անցկացրել, այնուհետև պարտվել է ճապոնացի Մասաշի Էբինումային: Հայ ձյուդոյիստը վարկանիշային 48 միավոր է ձեռք բերել:

Հայաստանի հավաքականի միակ կին ձյուդոյիստ Ժաննա Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել է կանադացի Եկատերինա Գուիչային:

«Ընդհանուր արդյունքից գոհ ենք: ֆերդինանտ Կարապետյանը լավ գոտեմարտեր անցկացրեց, սակայն արդեն երրորդ անգամն է, ինչ զիջում է ճապոնացի մարզիկի: Նույնը կարելի է ասել Դավթյանի մասին: Առայժմ չենք գտել ասիական դպրոցին հաղթելու բանալին: Ընդհանուր առաջընթաց նկատվում է: Այս մրցաշարը ցույց տվեց, որ ֆեդերացիայի' Հովհաննես Դավթյանին ամբողջովին իր մարզիչին հանձնելու որոշումը ճիշտ էր: Նրա մրցելույթներում կայունություն է նկատվում: Ֆունկցիոնալ աճ կա: Ինչ վերաբերում է Ժաննա Ստանկևիչին, ասեմ որ նրա մոտ հոգեբանական խնդիր կար: Վիճակահանության արդյունքում երկրորդ գոտեմարտը պետք է անցկացներ Կոսովոյի ներկայացուցիչ, անվանի Մաջլինդա Կելմենդիի հետ, կարծես դա թևաթափ էր արել Ստանկևիչին և հենց մեկնարկային գոտեմարտում նա պարտվեց»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

Փարիզի Մեծ Սաղավարտը մեկնարկել է փետրվարի 6-ին, կավարտվի փետրվարի 7-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին