Արդեն մի քանի անգամ է, ինչ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Թուրքիայի և Իսլամական պետության հնարավոր համագործակցության մասին, մեղադրում են Թուրքիային՝ ԻՊ-ին հովանավորելու մեջ: Նման մեղադրանքները, բնական է, հենց այնպես չեն արվում, դրանք իրականում ավելի հեռահար նպատակներ են հետապնդում, որովհետև ԻՊ-ն ահաբեկչական կառույց է, այսինքն՝ խնդիրը կապված է ահաբեկչության հետ: Եթե մի պետություն մեկ այլ պետությանն անընդհատ մեղադրում է ահաբեկչության մեջ, դա նշանակում է, որ մեղադրող կողմն իր համար առնվազն հող է նախապատրաստում անհրաժեշտության դեպքում մյուս կողմից ռազմական հարված հասցնելու և հետո դա հիմնավորելու՝ որպես ահաբեկչության դեմ պայքար: Այլ հարց է, որ այդ հարվածը կարող է և չհասցվել, բայց դա մնում է որպես հաղթաթուղթ մեղադրող կողմի համար:

 

Ռուսաստանի ու Թուրքիայի դեպքում այս երևույթն իսկապես կա, քանի որ մեղադրանքներն արդեն պաշտոնական բնույթ են կրում, դրանք հնչում են երկրի ԱԳ նախարարի շուրթերից: Այսպես՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մոսկովսկի կոմսոմոլեցի» հետ հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիան և ԻՊ-ը գաղտնի բանակցություններ են վարում, մասնավորապես՝ քննարկում մաքսանենգ մատակարարումների տարբերակներ: Սա արդեն ոչ այլ ինչ է, քան պաշտոնական մեղադրանք՝ ահաբեկչությանն աջակցելու մեջ: Այսինքն՝ Թուրքիան Ռուսաստանի կողմից դիտվում է որպես ահաբեկչական երկիր, և եթե իրադարձությունները զարգանան ոչ Ռուսաստանի օգտին, ապա Ռուսաստանը կհամարի, որ հիմք ունի Թուրքիային ռազմական հարված հասցնելու:

 

Իհարկե, շատ քիչ հավանական է, որ բանը դրան կհասնի, Ռուսաստանն ինքն էլ, կարծում եմ, չի ցանկանում նման ելք: Այս ամենն ընդամենն ապահովության համար է:

 

Կարեն Վարդանյան