Տրապիզոնի հանրապետական դատախազության կողմից տարածված այն տեղեկությունը, թե Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակում իրականացրած և այդ հանցագործությունը կազմակերպված անձինք ՀՀ քաղաքացիներ են հաստատել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց. «Ըստ նախնական տվյալների՝ ձերբակալվածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»:

 

Հիշեցնենք, որ Տրապիզոնում ձերբակալված անձինք արդեն տեղափոխվել են Ստամբուլ: Հաղորդվում է, որ ձերբակալված 8 անձանցից 5-ը կանայք են, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝ Արթուր Ա., Արամ Ե., Սերգեյ Բ., Մարիաննա Ե., Լիդա Բ., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ.: Հանցագործներից մեկը Դեմիրջիների աշխատողն է եղել, ով էլ, ըստ նախնական վարկածի, կազմակերպել է կատարվածը:

 

Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել: Հարձակումն իրականացնող երեք անձինք գողացել էին տան թանկարժեք իրերը, 100 հազար թուրքական լիրա (34 հազար ԱՄՆ դոլար): Նրանք հայ զույգին կապել էին «խոզի կապանք» անվանմամբ հայտնի ձևով, ինչը թույլ է տվել ենթադրելու, որ կատարվածը ատելության հողի վրա իրականացված հանցագործություն է: