ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ընդդիմադիր մի քանի ուժերին հրապարակային առաջարկում է ստեղծել ընդդիմադիր կոալիցիա և մասնակցել առաջիկա ընտրություններին: Բագրատյանը մատնանշել է «Ազատ դեմոկրատներին», ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», «Նոր Հայաստանին», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «Հանրապետություն» և ՀՀՇ կուսակցություններին և շարժումներին:

 

Մինչ այս պահը կուսակցություններից միայն «Քաղաքացիական պայմանագիրը» և «Լուսավոր Հայաստանն» են արձագանքել Բագրատյանի հայտարարությանը՝ նշելով, որ իրենք ընտրություններին մասնակցելու են միայնակ: «Նոր Հայաստանն» իր հերթին չի կարծում, որ ընտրությունների միջոցով հնարավոր է երկրում որևէ բան փոխել:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նշեց, որ իրենք այդ առաջարկը դեռ չեն քննարկել, վերջնական որոշում չունեն. «Կոլեկտիվ տեսակետ մենք արտահայտում ենք միայն վարչության նիստից հետո: Պարոն Բագրատյանի այդ առաջարկը շատ ողջունելի է, միաբանության ցանկացած կոչ ողջունելի է, բայց քաղաքական տակտիկան և ռազմավարությունը կոլեկտիվ որոշման հարցեր են: Եթե կուսակցությունը նպատակահարմար գտնի վարչության նիստ անցկացնել այս հարցով, վերջնական դիրքորոշում կհայտնի: Այսպիսի հրապարակային առաջարկները քննարկման առարկա են»,- ներկայացրեց Սեդրակյանը: Նրա խոսքով՝ Բագրատյանի առաջարկին պատասխանելու համար պետք է հաշվի առնել մեկ հանգամանք ևս՝ «Ազատ դեմոկրատները» հայտարարել են, որ ընտրություններին մասնակցելու են առանձին ցուցակով. «Մի քաղաքական հայտարարությունը մյուսով փոխելու համար շատ լուրջ մոտիվացիաներ են պետք»:

 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կուսակցության անունից որևէ տեսակետ չհայտնեց, քանի որ Բագրատյանի այդ առաջարկությունը դեռ չեն քննարկել: Մարտիրոսյանը կարծում է, որ Հրանտ Բագրատյանը պետք է որոշակի մանրամասներ ներկայացնի այդ առաջարկության վերաբերյալ. «Նա իր խոսքում վիճակահանության հետ կապված որևէ բան ասաց, դա պետք է մանրամասնի, քանի որ ես չեմ պատկերացնում՝ վիճակահանությամբ ինչպես կարելի է ցուցակ կազմել: Ես լսեցի մեթոդաբանությունը և, ճիշտն ասած, չհասկացա՝ դա կարճաժամկետ ինչ-որ միասնական ցուցա՞կ պետք է լինի, որը հաղթի և գնա արտահերթ ընտրությունների, թե՞ ցուցակ, որը կհաղթի և կմնա: Եթե ցուցակ պետք է լինի, որը հաղթի և մնա, ապա այդտեղ բազմաթիվ նյուանսներ կան, որոնք ինձ համար ընդունելի չեն: Շատ հարցեր կան: Եթե պարոն Բագրատյանը ցանկանա, կարծում եմ՝ քննարկել կարելի է»:

 

Ընդհանուր առմամբ՝ Մարտիրոսյանը Բագրատյանի առաջարկը ներկա քաղաքական իրավիճակում նորմալ է գնահատում. «Նախագահական ժամանակահատվածը մոտենում է ավարտին, երևի նաև դա էր նման առաջարկի պատճառը»:

 

Արմեն Մարտիրոսյանը համաձայն է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի այն հայտարարությանը, թե ընտրություններով այս երկրում որևէ դրական արդյունքի հասնել հնարավոր չէ, սակայն չի կարծում, որ չպետք է մասնակցել ընտրություններին. «Եթե ինչ-որ արտակարգ իրավիճակ լինի, իշխանության վրա արտաքին ճնշումները մեծանան, այն ուժերը, որոնք ժամանակին հզորացրին այս իշխանությանը, ճնշեն և այլն, այդ ժամանակ նոր ընտրությունների միջոցով որևէ արդյունքի հասնել հնարավոր կլինի, այն էլ՝ միասնականության շնորհիվ: Բայց այս իրավիճակում դա հնարավոր չէ: Սակայն, դա չի նշանակում, որ ընտրություններին մասնակցել պետք չէ, դա պայքարի ևս մեկ ճակատ պետք է լինի»:

Քրիստինա Աղալարյան