Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցը, որը 2013-­2014 թվականների ուստարվա ընթացքում Հայաստանի դպրոցների վարկանիշավորման արդյունքներով հայտնվել էր 6-­րդ հորիզոնականում, բողոքարկել է այս տարվա արդյունքները, որով 251-­րդն է:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանն ասաց, որ ինքն անձամբ գնալու է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Ղուկասյանի մոտ՝ տեղում պարզելու, թե ինչ թերություն ունեն, եթե իհարկե ունեն:

 

 

Տնօրենը պարզապես զարմանում է, թե ինչպես կարող է փոփոխությունն այդքան մեծ լինել, եթե հետընթաց աշխատանք չի գրանցվել: Նրա գնահատմամբ՝ իր ղեկավարած դպրոցն ամենալավն է, բայց այդ վարկանիշավորումը լրացուցիչ ստիմուլ է, ոգևորության աղբյուր՝ թե՛ իր, թե՛ ուսուցչական անձնակազմի համար: «Ես չեմ ուզում կոտրվել՝ չնայած չեմ կոտրվի»,- ասում է Արմինե Հովհաննիսյանը:

 

 

Նկատում է, որ այս թեման մի տեսակ շատ չարչրկվեց, բայց իրենք պարզապես ուզում են՝ ամեն ինչ ճիշտ լինի, ոչ թե բողոքում են, այլ անհանգստանում:

 

 

Նշենք, որ ԿՏԱԿ-ը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էին, որ նմանատիպ սխալների հիմնական պատճառը դպրոցների կողմից վարկանիշավորման հարցաթերթերի անուշադիր լրացումն է։

 

 

Մուտքագրման ընթացքում մասնագետներն ստիպված են լինում ուղղումներ կատարել գրեթե բոլոր, այսինքն՝ շուրջ 1300 դպրոցի լրացրած հարցաթերթերում։ Մասնավորապես, թիվ 130 դպրոցի հարցաթերթից համակարգ սխալ է մուտքագրվել «43.Տվյալ դպրոցում ուսպլանով նախատեսված ժամաքանակը» ցուցանիշի տվյալը։ 

 

 

Դպրոցի մուտքագրողը բոլոր դաշտերը լրացրել է՝ չհետևելով լրացման ցուցումին: