ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին առաջարկել են անվավեր ճանաչել Բարեկամության և եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը, որը 1921 թվականի մարտի 16-ին ստորագրվել է ՌԽԴՍՀ-ի կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև: Նշվածի վերաբերյալԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

 

 

- Պարոն Համբարյան, ըստ Ձեզ, ինչի՞ արդյունքում ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորները որոշեցին նման առաջարկով հանդես գալ և ի՞նչ պետք է սպասել դրանից:



- Շատ կարևոր է նշել, որ իրենք ոչ թե Պետդումային են առաջարկել, այլ նախագահին և արտգործնախարարին: Նրանք որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել: Սա այս առումով տարբերվում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունից: Հետաքրքիր է, որ կոմունիստ պատգամավորների այս հայտարարությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ «Կոմունիստական» կուսակցության առաջնորդը, ով նշեց, որ կողմ չէ իր գործընկերների առաջարկությանը: Այսինքն՝ «Կոմունիստական» կուսակցության առաջնորդը գտնում է, որ իր կուսակցական նախնիները՝ Լենինի գլխավորությամբ, ճիշտ են արել՝ ստորագրելով այդ խայտառակ պայմանագիրը և ուրիշ ժողովրդի հաշվին բարիդրացիական հարաբերություններ են հաստատել Քեմալական Թուրքիայի հետ:

 

 

- Ի՞նչ ապագա կունենա այս առաջարկությունը:



- Ես առանձնապես մեծ սպասելիքներ չունեմ նրանց առաջարկությունից, որովհետև փաստ է, որ բացի արևմտաեվրոպական պետություններից և ԱՄՆ-ից, որոնք Հայ դատի հարցերն օգտագործում են սեփական նպատակները Թուրքիայի հետ առաջ տանելու համար, այժմ նման կերպ է վարվում նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Երբ անցած տարի Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժի խոցվեց ռուսական ինքնաթիռը, այդ ժամանակ նոր ռուս օրենսդիրները որոշեցին ՌԴ-ում օրենք ընդունել և քրեականացնել Հայոց ցեղասպանությունը ժխտումը: Իսկ հիմա արդեն խոսում են 95 տարի առաջ ստորագրված պայմանագրի չեղարկման մասին: Շատ լավ կլինի, որ ռուսական կողմը հայտարարություններից գործի անցնի, բայց իմ կարծիքով, դա այնքան էլ հեշտ չի լինի և մենք ուրախությամբ պետք է չընդունենք այդ փաստը, որ մեր ռազմավարական գործընկերը մեր խնդիրներն օգտագործում է Թուրքիայից վրեժխնդիր լինելու համար: Շատ ավելի կոռեկտ կլիներ, եթե պաշտոնական Մոսկվան խոսքից անցներ գործի: Չնայած՝ ես կասկածում եմ, որ 1921 թվականի պայմանագիրը չի չեղարկվի: Որքան ռուս-թուրքական հարաբերությունները վատթարանում են, այնքան ավելի շատ է ռուսական կողմըն օգտագործում շանտաժի մեթոդները Թուրքիայի նկատմամբ:

 

 

- Ո՞ւմից է կախված այս առաջարկության օրինականացումը և ընդունումը:



- Դա ավելի շատ կախված է ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումներից:

 

 

- Այսինքն՝ դեռ շու՞տ է ուրախանալ այս հայտարարության համար:



- Իհարկե, ամպագոռգոռ հայտարարությունների վրա կարող է ուրախանալ միայն քաղաքականությունից և պատմությունից հեռու մարդը: Ես, իհարկե, ուրախ եմ, որ գոնե խոսվում է այդ մասին, բայց ես լիակատար բավարարված կլինեմ, եթե խոսքից անցնեն գործի: Չպետք է մոռանալ, որ Թուրքիան 5-րդ շարասյուն ունի Ռուսաստանում՝ ի դեմս այնտեղ բնակվող ադրբեջանցիների: Ադրբեջանցիները դա բացարձակ չեն էլ թաքցնում: Ես կարող եմ նաև ասել, որ Ռուսաստանի՝ ազգությամբ ադրբեջանցի նախկին սենատորներից մեկը բացահայտ սպառնացել է, որ եթե նման օրինագիծ ընդունվի, ինքը կհրաժարվի Ռուսաստանի քաղաքացիությունից: Ադրբեջանցու այս հայտարարությունը և Ռուսաստանի Պետդումայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի չընդունումը մեծ վնաս կհասցնի Ռուսաստանին և Պուտինին, քանի որ նրանք կուլ գնացին շանտաժներին:

 

 

Քրիստինա Աղալարյան