Հայկական կողմը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածած հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերն ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայողներ են զոհվել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Դա ապատեղեկատվություն է: Նման բան չկա և լինել չի կարող: Հայկական կողմը մշտապես պատշաճ կարգով տեղեկացնում է իր կորուստների մասին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերն ադրբեջանական կողմը ձախողել է հայկական կողմի դիվերսիոն փորձը և սպանել 5-7 հայ զինծառայողի:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ևս հերքել է տեղեկությունը. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից փետրվարի 12-ին տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և, տալով 5-7 զոհ ստիպված նահանջել, քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում»: