Փետրվարի 10-ին Հայաստանում իր տեսակի մեջ եզակի նշանակում տեղի ունեցավ, որը շատերիս ուշադրությունից դուրս էր մնացել:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին) նշանակվեց Սերգեյ Մանասարյանը:
Դեսպանը բավականին հարուստ կենսագրական ունի. ավարտելով Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը՝ կարողացել է աշխատել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես փոխվարչապետի օգնական: Այնուհետև եղել է ՀՀ վարչապետի օգնական, վարչապետի աշխատակազմի ղեկավար, կառավարության քարտուղար-նախարար, փոխարտգործնախարար, իսկ 1999 թվականից սկսվել է դիվանագիտական կարիերան: Աշխատել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպան: Համատեղության կարգով եղել է ՀՀ դեսպան նաև Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում և Օմանում, ինչպես նաև եղել է Բուլղարիայում ՀՀ դեսպան:
ԼՈւՐԵՐ.com-ը Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրից տեղեկացավ, որ Սերգեյ Մանասարյանը թեպետ ունի հարուստ կենսագրություն, բայց զարմանալի քիչ ունեցվածքի տեր է:
Ըստ դեսպանի 2014 թվականի հայտարարագրի (ավելի թարմ հայտարարագիր դեռևս չի ներկայացրել)՝ հարկային տարում ձեռք բերած, օտարած անշարժ և շարժական գույք չունի, արժեթղթեր և այլ ներդրումներ կամ այլ տիպի թանկարժեք գույք ևս չունի:
Ահա ապրուստով զուսպ այս դիվանագետը տարվա սկզբին հայտարարագրել է 200 եվրո գումար, որը տարվա վերջում պակասելով դարձել է 150 եվրո: Ի՞նչ խոսք՝ ֆենոմենալ ապրելակերպ է:
Նշենք նաև, որ հայտարարագրված եկամուտը միայն աշխատավարձի տեսքով է:
Մեզ հետաքրքրեց նաև կնոջ՝ Իրինա Մանասարյանի ունեցվածքը. նա ևս ոչ մի կարողություն չի հայտարարագրել. միայն աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 1,442,519.00 չափով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեսպանները հիմնականում ճոխ ապրելակերպով են աչքի ընկնում, այդ իսկ պատճառով այս նշանակումը որակեցինք եզակի, հուսանք՝ հայտարարագիրը կեղծված չէ և անպայման կթարմացվի:
Ն.Ա.