ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վրաստանում երկրի նոր դեսպանի պաշտոնում ներկայացրել Է դիվանագետ Յան Քելիին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, ԱՄՆ-ի գործող դեսպան Ռիչարդ Նոռլանդը մարտի 13-ին հայտնել Է Թբիլիսիում:
Ընթացակարգի համաձայն՝ նոր դեսպանին պետք Է հաստատի Սենատը: «Նախագահ Օբաման Վրաստանում ապագա դեսպանի պաշտոնում ներկայացրել Է դիվանագետ Յան Քելիին: Ես ուրախ եմ, որ այս տարի Սպիտակ տունն ինձ փոխարինող Է նշանակել փորձառու եւ ճանաչված գործընկերոջ»,-ասված Է Նոռլանդի հայտարարության մեջ:
Դեսպանն սպասում Է, որ Քելին Թբիլիսի կժամանի գարնան վերջին՝ իր լիազորությունների ժամկետի լրանալուց հետո:
Ներկայում Քելին աշխատում Է Չիկագոյում Իլինոյսի նահանգի համալսարանում, իսկ 2010-2013 թվականներին դեսպանի կարգավիճակով ԱՄՆ-ի ներկայացուցիչն Էր ԵԱՀԿ-ում: 2007-2009 թվականներին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի եվրոպական եւ եվրասիական բյուրոյում գլխավորել Է ռուսաստանյան ուղղությունը: Դեռ նախքան ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում ծառայության անցնելը, 1985 թվականին ռուսաց լեզու Է ուսումնասիրել Կոլումբիական համալսարանում, այնուհետեւ աշխատել Է Ռուսաստանում եւ նախկին ԽՍՀՄ-ի մի շարք երկրներում, ինչպես նաեւ Հարավսլավիայում: