Երիտասարդների եւ նորապսակների օրհնության, ինչպես նաեւ գարնան ավետաբեր Տեառնընդառաջի շքեղ միջոցառում կազմակերպվեց փետրվարի 13-ին Արտաշատում: Մարզկենտրոնի կենտրոնական հրապարակն անսովոր բազմամարդ էր. հավաքվել էին քաղաքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները, նորպսակները, ծնողները, այլք:

 

 

Արտաշատի Սբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը շնորհավորեց նորապսակներին ու նրանց հարազատներին' մեկնելով 40 օրական Հիսուսին տաճարին հանձնելու օրվա խորհուրդը, որից հետո կատարեց նորապսակների օրհնության արարողություն: Նա նաեւ իր խոսքում ընդգծեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ օրը հռչակվել է նորապսակների եւ երիտասարդների օրհնության օր:

 

 

Բոցավառվող կրակի շուրջը ճերմակազգեստ հարսիկները կատարեցին խորհրդանշական յոթը պտույտները: Օրվա կապակցությամբ նրանք ստացան ոսկյա զարդեր եւ վարդեր: Միջոցառման մամիկը զամբյուղով լի ադի-բուդին շաղ տվեց նորապսակների գլխին' իր օրհնանքներն ու բարեմաղթնքներն ուղղելով զույգերին: Ամո Խարզյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը նորապսակներին ցանկացավ սեր, դժվարությունները հաղթահարելու կամք, փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ: Միջոցառմանն իրենց կատարումներով հանդես եկան «Նոր գույներ» եւ «Արտաշատ» պարի համույթները:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Տեառնընդառաջի կապակցությամբ մարզի բազմաթիվ համայնքներում եւս կազմակերպվել էին միջոցառումներ. Բուրաստանում, Արմաշում, Գոռավանում, Փոքր Վեդիում եւ այլուր:

 

 

Հերթական անգամ սահմանամերձ Գոռավան համայնքը ողջ գյուղով տոնեց Տեառնընդառաջի արարողությունը: Համայնքի հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը բացատրելով օրվա խորհուրդը շնորհավորեց նորապսակներին' նրանց ցանկանալով, որ իրենց տունը կառուցեն վեմի վրա, որ քամիները, հեղեղներն ու փոթորիկները չսասանեն ընտանիքը: 18 զույգերին Գոռավանի գյուղապետ Արսեն Բազիկները նվիրեց ադամանդե մատանիներ, եւ ցանկացավ որ զույգերը շատ բալիկներ ունենան: «Օջախին մայրեր, սահմանին զինվորներ են հարկավոր: Եղեք բարի, հոգատար ամուսիններ, իսկ դուք' հարսիկներ' օջախի սիրուն-հերոս մայրեր»,-ընդգծեց համայնքի ղեկավարը: Նորապսակները միջոցառումը շարունակեցին տոնական սեղանների շուրջ:

 

 

Յուրօրինակ էր միջոցառումը նաեւ մարզի Բուրաստան համայնքում: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը 12 նորպսակների հետ միջոցառման էր հրավիրել նաեւ տեր եւ տիկին Ռուբեն եւ Սուսաննա Ալավերդյաններին, Խորեն եւ Լիդա Եղիազարյաններին, ովքեր նշում էին իրենց ամուսնության ոսկյա եւ ադամանդյա տարեդարձները: Սուսաննա Ալավերդյանը դիմելով նորապսակներին ասաց, որ արդեն 60 տարի համատեղ կյանքով ապրում են ամուսնու հետ, անցել են բազմաթիվ փորձությունների միջով, հաղթահարել դժվարություններ' սերը, հավատարմությունը, փոխադարձ ներողամտությունը, դարձնելով ընտանիքի հիմքը:

 

 

Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը, շնորհավորելով նորապսակներին, ցանկացավ, որ նրանք օրինակների ընտանիքներ դառնան հասարակության համար, եւ դաստիարակեն արժանապատիվ զավակներ: Գյուղապետը շնորհավորանքների հետ մեկտեղ նորապսակներին հանձնեց թանկարժեք նվերներ, վարդեր: