«Փաստինֆոն» գրում է.
Մոր սպանության մեջ մեղադրվող 45-ամյա որդին մեղսունակ է ճանաչվել:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, այսօր երկարատև ընդմիջումից հետո շարունակվեց գործի քննությունը: Ստացվել էր պաշտպանական կողմի միջնորդությամբ նշանակված դատահոգեբուժական և դատահոգեբանական ստացիոնար համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը:
Պաշտպանական կողմը փորձագետին առաջադրել էր մի շարք հարցեր՝ Սամվել Դարբինյանը տառապե՞լ է արդյոք մեղսագրվող արարքի ժամանակ կամ մինչ այդ որևէ հոգեկան հիվանդությամբ, հոգեկան գործունեության ժամանակավոր, խրոնիկ խանգարմամբ, տկարամտությամբ, թուլամտությամբ կամ գտնվե՞լ է արդյոք այլ հիվանդագին վիճակում: Ներկայումս ինչպիսի՞ հոգեվիճակում է գտնվում, կարո՞ղ է արդյոք ընկալել քրեական գործի քննության ընթացքը, քննության ընթացքում կարո՞ղ է ընկալել գործի համար կարևոր հանգամանքներ և նրան առաջադրված հարցերին տալ ադեկվատ և ոչ երևակայական պատասխաններ: Արդյոք տառապե՞լ է որևէ հոգեկան հիվանդությամբ, եթե՝ այո, ապա՝ ինչպիսի՞: Արդյոք նա գտնվե՞լ է հոգեկան խիստ հուզմունքի, ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, կամ գտնվե՞լ է արդյոք հոգեկան այնպիսի հուզական վիճակում, որը կարող էր էապես ազդել նրա գիտակցության կամ անգործունեության վրա, թե՝ ոչ:
Ըստ փորձաքննության եզրակացության՝ Սամվել Դարբինյանը խրոնիկ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս ևս չի տառապում, այլ նրա մոտ հայտնաբերվել է ալկոհոլիզմ «կախվածության համախտանիշ, ալկոհոլիզմ անձի պսիխոպաթիզացիա» ախտորոշմամբ:
Որպես խրոնիկ հոգեկան հիվանդությամբ չտառապող անձ նա իրեն մեղսագրվող արարքը կատարելու ժամանակ կարող էր հաշիվ տալ իրեն՝ իր գործողությունների համար և ղեկավարել դրանք:
Ուստի Ս. Դարբինյանին հարկ է կատարածի նկատմամբ ճանաչել մեղսունակ, քանի որ իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին նա չի գտնվել որևէ հոգեկան խանգարման վիճակում՝ այլ գտնվել է սովորական հարբածության վիճակում:
Ներկա հոգեկան վիճակում Սամվել Դարբինյանը կարող է մասնակցել քննչական գործողությունների, ընկալել քրեական գործի քննության ընթացքը և տալ ճիշտ ցուցմունքներ:
Մանրամասն՝ այստեղ: