ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին մասնակցել է Անվտանգության խորհրդի «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքը որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առանցքային տարր» խորագրով բաց քննարկմանը։

 

 

Իր ելույթում դեսպան Մնացականյանը երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին երեք հիմնարար հարթության՝ խաղաղություն, զարգացում և մարդու իրավունքներ, ուղղությամբ համապարփակ և հաստատակամ մոտեցման համար։ Դեսպանը նշել է, որ մարդկության պատմությունն ուղեկցվել է հակամարտություններով, պատերազմներով ու նվաճումներով, սակայն այն լի է եղել նաև ժողովուրդների պայքարի օրինակներով' հանուն ինքնորոշման, անկախության և ազատության: ՀՀ դեսպանը հավելել է, որ կանոնադրությունը հիմնված է մարդու հիմնարար իրավունքների, արժանապատվության և մարդու ինքնության արժևորման վրա, և այդ հիմնարար սկզբունքների շնորհիվ ՄԱԿ-ի տանիքի ներքո այսօր հավաքված է 193 պետություն:

 

 

ՀՀ դեսպանն այնուհետև նշել է, որ ինքնիշխանության, չմիջամտելու և տարածքային ամբողջականության պահպանման քողի տակ հաճախ խեղաթյուրվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, լռեցվում է նրանց ձայնը, ինչը ծնում է բռնաճնշումների, մարդու իրավունքների կանոնավոր ոտնահարումների և օրենքի գերակայության անտեսման քաղաքական մշակույթ։ Ըստ դեսպան Մնացականյանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նվաճել է իր ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ադրբեջանի ատելության և ագրեսիայի, մարդու իրավունքների ոտնահարման մշակույթը, շարունակվող ռազմատենչությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցային գործընթացի մերժումը սպառնում է ԼՂ ժողովրդի ֆիզիկական գոյությանը: Նա մեծապես կարևորել է միջազգային հանրության համախմբած աջակցությունը բանակցային գործընթացին, քանզի այն նվազագույնը զերծ կպահի «մերժող կողմին» կարգավորման սկզբունքներից շեղվելուց:

 

 

Անդրադառնալով ինքնիշխանության սկզբունքին՝ ՀՀ դեսպանը նշել է, որ այն իր մեջ կրում է պատասխանատվություն, իսկ անպատասխանատու ինքնիշխանությունը սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը: Ըստ նրա՝ խաղաղ և ներառական հասարակություն կառուցելու պետությունների պատասխանատվությունը նույնքան կարևոր է, որքան ինքնիշխանությունը: Դեսպանը շեշտել է, որ այդ նպատակով միջազգային համագործակցությունը միջազգային խաղաղության պահպանման տեսանկյունից ոչ պակաս համոզիչ է։ Հղում կատարելով «Ոճրագործությունների վերլուծությունների շրջանակին&ra quo;՝ ՀՀ դեսպանը եզրափակել է. «Կանխարգելման, վաղ նախազգուշացման մեխանիզմների գործառույթը ու վատթարացող իրավիճակների ազդանշանները ՄԱԿ-ի համակարգ ուղղորդելու կարողությունը կենսական նշանակությունը ունի»։

 

 

ԱԽ բաց քննարկումը նախագահել է Վենեսուելայի ԱԳ նախարար Դելսի Ռոդրիգեզը, իսկ յոթ տասնյակից ավելի պետությունների ներկայացուցիչների թվում ելույթներով հանդես են եկել Անգոլայի, Իսպանիայի, Գայանայի, Արգենտինայի և Էլ Սալվադորի փոխարտգործնախարարները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: