««ՎՏԲ բանկը» (Ռուսաստան) Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության և հայ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող Mika Limited ընկերության (գրանցված է Ջերսի կղզում (Լա Մանշ նեղուցում)) հայցեր է ներկայացրել դատարան և 22 միլիոն դոլար է պահանջում,-գրում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը և հավելում,-Պետական բանկն այդ հայցերով փորձում է վերադարձնել այն գումարները, որոնք հատկացրել էր ավիափոխադրողին' ռուսական արտադրության Sukhoi Superjet-100 (SSJ-100) օդանավի ձեռքբերման վարկերը վերաֆինանսավորելու համար»:
Հայցերի մասին թերթը տեղեկացել է «ՎՏԲ բանկին» մոտ կանգնած աղբյուրներից: Լուրը թերթի հետ զրույցում հասատատել է նաև «Արմավիա»-ի սեփկանատեր Միխայիլ Բաղդասարովը:
Թերթի տվյալներով' «Արմավիայի» դեմ հայցը (10 միլիոն դոլարի) ներկայացվել է Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ, իսկ Mika Limited-ի դեմ (12 միլիոն դոլար) հայցը' Ջերսի կղզու թագավորական դատարան:
«Իզվեստիան» մանրամասնելով գրում է, որ ՎՏԲ-ի դուստր բանկը' «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը 2010-2011թթ. «Արմավիային» ավելի քան 7 միլիոն դոլար վարկ է տրամադրել: Գումարը հատկացվել է հայկական «Արդշինիվեստբանկ»-ի կողմից ընկերությանը տրամադրված վարկը վերաֆինանսավորելու համար: Վարկը, ինչպես նշվեց, Արմավիան վերցրել էր Sukhoi Superjet-100-ը գնելու համար:
Պարբերականը, անդրադառնալով փաստին, որ «Արմավիան» առաջին ընկերությունն էր, որ ստացավ «Քաղաքացիական ինքնաթիռներ – Սուխոյ» ընկերության Superjet-100 ինքնաթիռը, նշում է, որ ռուսական կողմը հիասթափված է գործարքից: «ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության աղբյուրի խոսքով' այն, որ «Արմավիան» դարձավ Superjet-100-ի առաջին գնորդը, պայմանավորված էր նաև անձնական գործոնով. Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական կորպորացիայի ղեկավարը հայկական արմատներով Միխայիլ Պողոսյանն է (իսկ «Սուխոյ»-ը պատկանում է հենց այդ կորպորացիային): Նախարարության աղբյուրը հավելել է, որ անհրաժեշտ էր ավելի վճարունակ գնորդ ձեռք բերել, քանի որ «Արմավիան» անցած տարի հրաժարվել է երկրորդ Superjet-ը գնելուց, ինչպես նաև վերադարձրել է գնված ինքնաթիռը: Անցած տարվա աշնանն էլ հայտարարել է, որ մտադիր է վաճառել «Արմավիան»' ֆինանասական խնդիրների պատճառով»,-նշում է պարբերականը:
Բացի վերոնշյալ 7 միլիոն վարկից' 2010թ. «ՎՏԲ» բանկի երևանյան մասնաճյուղը 8 միլիոն դոլարի փոխառություն է տրամադրել Mika Limited-ին, որպես փոխառության երաշխավոր հանդես է եկել «Արմավիան»: Գումարը պետք է վերադարձվեր 2012թ., սակայն, ոչ Արմավիան, ոչ էլ Mika Limited-ը չեն վճարել այն: Իսկ անցած տարվա վերջին պարտքերը պահանջելու իրավունքը հայկական «ՎՏԲ»-ից անցել ռուսականին:
Թերթն ընդգծում է, որ 2013թ. հունվարի 18-ի դրությամբ' Mika Limited-ի պարտքը «ՎՏԲ»-ի առջև, ներառյալ տոկսներն ու տույժերը, կազմել է 12 միլիոն դոլար, իսկ «Արմավիայի» պարտքը' 10 միլիոն: Կողմերի միջև անցկացված բանակցոււթյունները որևէ արդյունք չեն տվել:
Ռուս իրավաբանների կարծիքով' «ՎՏԲ»-ն մեծ շանսեր ունի շահելու «Արմավիայի» դեմ ներկայացված հայցը:
«Դատական վեճի բնույթից ելնելով' կարելի է եզրակացնել, որ հայցը կբավարարվի: Այլ հարց է, թե որքան իրական է, որ վճիռ կայացվելուց հետո կվերադարձվեն գումարները: Եթե «Արմավիան» չվերադարձնի գումարը դատավարության ավարտին, ապա «ՎՏԲ-ն» կհավակնի ավիաընկերության ակտիվներին: Եթե ավիաընկերության ինքնաթիռները ձեռք են բերվել լիզինգային պայմանագրով, ապա ՎՏԲ-ն կարող է հասնել նրան, որ իրեն տրամադրվի լիզինգային պայմանագրի իրավունքը, որպեսզի հետագայում կարողանա դրանք(Ինքնաթիռները) վաճառել աճուրդով: Սակայն բանկը լուրջ խնդիրների առջև կկանգնի, եթե ավիաընկերությունը սնանկ ճանաչվի: Այդ դեպքում բանկը կարող է հավակնել ոչ թե պարտքի 100 տոկսին, այլ ոչ ավելին, քան 20-ին»,- թերթի հետ զրույցում ասել է «Некторов, Савельев и партнеры» ընկերության իրավաբանը:
Իսկ ահա Ջերսի կղզու դատավարությունը, իրավաբանի կարծիքով, դատապարտված է ձախողման: «Այն անհեռանկարային է, ըստ էության, քանի որ պահանջվելու են բավականին ծախսեր' թռիչքների, իրավաբանների համար: Դատավարությունն էլ կարող է ձգձգվել' հաշվի առնելով հանգամանքը, որ պատասխանող կողմը կարող է չներկայանել նիստին»,-ընդգծել է իրավաբանը:
Թերթը հավելում է, որ Արմավիայի ավիապարկում ներկայում կա երկու Airbus A320, երեք Bombardier CRJ-200 և երեք Boeing 737-55S ինքնաթիռներ: «Սակայն Avia.ru-ի գլխավոր խմբագիր Ռոման Գուսարովի խոսքով' ավիապարկը ոչինչ չարժե, քանի որ բոլոր ինքնաթիռները ձեռք են բերվել լիզինգով»,-նշում է պարբերականը' ավելացնելով, որ «Արմավիայի» նկատմամբ շաբաթներ առաջ հետաքրքրություն են ցուցաբերել նաև ռուս ներդրողները' այն գնահատելով 55 միլիոն դոլար:
««Արմավիան» միաժամանակ կարող է հայտնվել պետության ձեռքում: 2013թ փետրվարի 6-ին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտեմ Մովսիսյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությանը մտահոգել է «Արմավիայի» շուրջ ստեղծված իրավիճակը և չի բացառել, որ ընկերության բաժնեմասերը կարող են հանձնվել այլ մարդկանց, այդ թվում' պետությանը»,-եզրափակում է «Իզվեստիա»-ն: