«Արմավիան» գոյացրել է պարտքեր, բայց դրանք այն գումարները չեն, որոնց մասին հրապարակումներ կան մամուլում:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Արմավիա» ընկերությունից:

 

«Իսկ այն գումարների մասով, ինչ կա իրականում, ներկայում ընթանում են ընկերության գույքը պետությանը փոխանցելու հարցով բանակցություններ: Ինչ վերաբերում է աշխատավարձերի մասով պարտքերին, ապա մնացել է միայն մեկ ամսվա պարտք: Ծննդյան տոների կապացությամբ դրամական փոխացումները ինչ-ինչ բարդություններով են պայմանավորված, ուստի փոխանցումները կարվեն տոներից հետո»,-հայտնեցին ընկերությունից:

 

Հիշեցնենք, որ խոսքը 120 միլիոն պարտքի մասին էր։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից մինչ այդ հայտնել էին, որ իրենք չեն կարող «Արմավիա» ավիաընկերության փոխարեն պատասխանել՝ ընկերությունը մարելո՞ւ է պարտքերը, թե՞ ոչ:

 

«Ընդհանրապես, այդ հարցը գլխավոր վարչության գործառույթների և կանոնադրական խնդիրների թվին չի պատկանում: «Արմավիայի» պարտավորությունները հանդիսանում են քաղաքացիա-իրավական հարաբերությունների հետևանք և միայն իրավական դաշտում կարող են որոշվել դրանք մարելու ժամկետները և/կամ այլ կառույցների կողմից մարելու հնարավորությունը»,- ասել էր քաղավիացիայոն վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: