ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

2016թ. փետրվարի 18-ին՝ ժամը 21.30-ին, «Աստղիկ» բ/կ-ից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ՀԱԹ Շրջանային 2/2 հասցեում գտնվող «Ագաթ» ինստիտուտի մոտ հայտնաբերվել է 25-ից 30 տարեկան ինքնությունը չպարզված տղամարդու դիակ:

 

 

Դեպքի վայրի զննությամբ՝ ինստիտուտի հարակից տարածքի ճանապարհի երթևեկելի մասից դուրս, հողածածկ տարածքում, հայտնաբերվել է արական սեռի դիակ։

 

 

Պարզվել է մահացածի ինքնությունը, ով 1985թ. ծնված, Երևան քաղաքի բնակիչ Կառլեն Ակունցն է:

 

 

Դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկ փորձագետի կողմից բռնության ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել:

 

 

Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲՓԳԳԿ-ին:

 

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ երիտասարդը դեպքի օրն օգտագործել է «մեթադոն» տեսակի թմրամիջոց, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

 

 

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները, նրան թմրամիջոց իրացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

 

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 

 

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։