ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանի մահվան հանգամանքները: Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

2018թ. մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում ծնոտի ստորին (մուտքային) և գլխի գագաթային (ելքային) շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանը:

 

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ' զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մայիսի 20-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասվում էր հաղորդագրության մեջ: