ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Մեղրի քաղաքի 54-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները։

2016թ. դեկտեմբերի 4-ին «Մեղրիի ՏԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանում հանկարծամահ է եղել Մեղրի քաղաքի 54-ամյա բնակիչը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։

Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում դատաբժշկի կողմից դիակի վրա հայտնաբերվել են մահվան հետ պատճառական կապ չունեցող վնասվածքներ' ձախ ուսահոդի հոդախախտի, ձախից 3-րդ, 4-րդ, 5-րդ, կողերի և ձախ ազդրոսկրի միջին երրորդականի փակ կոտրվածքների ձևով:

ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի թիվ 860-Ն որոշման համաձայն՝ ազդոսկրի բաց և փակ, ինչպես նաև կողոսկրերի կոտրվածքներն առաջացնում են ընդհանուր աշխատունակության 1/3-ից ավելի կայուն կորուստ։

Համաձայն մահվան մասին բժշկական վկայականի՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան, ինչն առաջացել է լյարդի ցիրոզի հետևանքով:

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու՝ ծանր մարմնական վնաս ստանալու հանգամանքները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին