Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ եթե Թուրքիան կամ Սաուդյան Արաբիան զորքեր ուղարկեն Սիրիա՝ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով, ապա Սիրիայի իշխանությունները նրանց կվերաբերվեն որպես ահաբեկիչների:

 

«Դա պատրվակ է: Եթե դա տեղի է ունենա, մենք նրանց կվերաբերվենք որպես ահաբեկիչների: Մենք պաշտպանում ենք մեր երկիրը: Ոչ ոք իրավունք չունի ներխուժել Սիրիա՝ քաղաքական կամ ռազմական տեսանկյունից: Դա միջազգային իրավունքի խախտում կլինի, և մեզ համար՝ որպես Սիրիայի քաղաքացիների, միակ հնարավորությունը՝ մեր երկիրը պաշտպանելն է», - ասել է Ասադը El Pais իսպանական թերթին տված հարցազրույցում:

 

Նա հավելել է, որ «Թուրքիան ուղարկում էր ահաբեկիչներին, և ի սկզբանե՝ ներգրավված է եղել Սիրիայի իրադարձություններում»:

 

«Սաուդյան Արաբիան այդ ահաբեկիչների հիմնական ֆինանսիստն է: Նրանց ինքնաթիռ են նստեցնում, ուղարկում Թուրքիա, իսկ այնտեղից՝ Սիրիա», - ասել է Ասադը: