Երեկ՝ փետրվարի 21-ին, տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդրանիկ համագումարը: Կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը: Գաղտնիք չէ, որ սփյուռքի «Հայկական վերածնունդ» կազմակերպությունն Արթուր Բաղդասարյանին մեղադրում է անվան գողության և այն խեղաթյուրելու մեջ: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արթուր Բաղդասարյանի այս քայլը խեղկատակություն որակեց:
«Բացահայտ գողություն է: 25 տարի է՝ Հայաստանում ոչ միայն կուսակցությունների անուններ են գողանում, այլև կյանքեր են գողանում, ունեցվածք են գողանում։ Եվ հետաքրքիրն այն է, որ գողերը շատ շուտ տեղերը փոխում են։ Մեկ գողի դեր են ստանձնում մեկ՝ օրենքի պահապանի: Արթուր Բաղդասարյանի պարագայում ավելի ցայտուն երևաց դա: Ցայտուն երևաց, որ այս մարդը՝ որպես անձ, ընդհանրապես ՀՀ-ի հետ կապ չունի։ Այս բարոյազուրկ երևույթը խոսում է ՀՀ-ի անվտանգությունից, այն դեպքում, երբ ինքը եղել է սպառող։ Իր նախնիները Հայաստանի համար որևէ ծառայություն չունեն մատուցած և չեն էլ ունենալու։ Այսօր սրանք վերջին փրփուրներն են՝ այլ ուղղորդվող ուժերի կողմից։ Ժողովուրդը սա խորը զզվանքով է ընդունում։ Այնպես որ՝ ժամանակը մոտեցել է, և ռեժիմն օգտագործում է իր վերջին սիրուհուն»,- տեսակետ հայտնեց ազատամարտիկը։ Նրա խոսքով՝ Սփյուռքի «Հայկական վերածնունդը» մեծ թափ է հավաքում, և «դրան նպաստում է հենց այս քաղաքական անառակությունը»։
Անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի՝ ռուսական մամուլին տված հարցազրույցում արտահայտած այն մտքին, որ Հայաստանը պարտավոր է անհրաժեշտության դեպքում ռազմական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին, ազատամարտիկը նշեց. «Ես սա համարում եմ անառակաբարո երևույթ։ Ինչ-որ մի հատ «քնձռոտ» կուսակցության մարդն իրավունք չունի նման բան ասելու։ Քանի որ մենք չունենք Արտգործնախարարություն, ես չեմ զարմանա, որ վաղը մի հատ էլեկտրիկ Մոսկվայում հայտարարի, որ Պարսկաստանի դեմ է պատերազմ հայտարարում։ Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ՀՀ-ն անգլուխ ձիավորների միավորում ունի, ոչ թե իշխանություն։ Հեռու չէ այն օրը, որ ամեն բան իր տեղը կընկնի, բոլոր կուսակցություններն իրենց դրոշները կխոնարհեն»։
Պավլիկ Մանուկյանը վերջում խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել Արթուր Բաղդասարյանին կամ նրա ստեղծած «Հայկական վերածնունդին»։
Քրիստինա Աղալարյան