Թեպետ ես դեմ էի, որ Հայաստանի նոր ՄԻՊ-ը լիներ իշխանական թիմի ներկայացուցիչ, որովհետև այդ պաշտոնն ինքնին ավելի «ազատ» մարդ է ենթադրում, սակայն ընդունելով եղելությունը՝ մնում է շնորհավորել Արման Թաթոյանին և ցանկանալ նրան արդյունավետ աշխատանք: Միգուցեև վերջինս իսկապես ապացուցի, որ նույնիսկ ՀՀԿ-ի կողմից առաջադրված ու ընտրված թեկնածուն կարող է լինել Մարդու իրավունքների լավ պաշտպան: Ամեն ինչ հնարավոր է…

 

Կուզեի, սակայն, անդրադառնալ նորանշանակ ՄԻՊ-ի հայտարարությանը, որը նա արել լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ ասելով, թե օմբուդսմենի աշխատանքը չի կարող պայմանավորված լինել որևէ քաղաքական գործոններով: Անշուշտ, ցակալի է, որ այդպես լինի, օմբուդսմենն ասել է այն, ինչը պետք է լինի, բայց իրականությունը, ցավոք, այլ է՝ Հայաստանում շատ ու շատ պաշտոններ ու գործունեություններ պայմանավորված են հենց քաղաքական գործոններով: Եվ եթե այս խոսքերը ձևական չեն, այլ ՄԻՊ-ն ասել է այն, ինչ իրոք մտածում է, ապա այդ խոսքերն իրականություն դարձնելու ճանապարհին նրան լուրջ դժվարություններ կարող են սպասել, մանավանդ որ ինքն էլ հենց իշխանական թիմի կողմից է «ընտրված»: Իսկ ի՞նչ է, օրինակ, անելու նորանշանակ ՄԻՊ-ը, երբ քաղաքացուց դիմում ստանա այն մասին, որ վերջինիս իրավունքները ոտնահարվել են Թաթոյանին ՄԻՊ-ի պաշտոնում առաջարկած ու ընտրած քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից: Ցանկալի կլինի, որ այս հարցի պատասխանը լինի ոչ թե խոսքով, այլ՝ գործով, երբ որ լինի համապատասխան առիթ:

 

Կարեն Վարդանյան