Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը քիչ առաջ զանգահարել էրԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրություն: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ էքստրասենսի սպանությունն ինքը չի կատարել և այժմ պատասխան է տալիս ուրիշի արարքի համար:

 

 

«Ես ուզում եմ դիմել Դատախազություն։ Ինչո՞ւ չեն գալիս ինձ տեսակցության։ Որովհետև չե՞ն կարող հիմնավորել, թե ինչու են երկար տարիների արվեստագետին բանտ նետել։ Եթե ինձ բանտարկել են իմ քաղաքական, հասարակական գործունեության համար, թող այդպես էլ ասեն։ Ես էլ կարող եմ շատերի անունները տալ, ում կասկածում եմ։ Լավ, եթե ես մարդուն դանակահարեմ 50 տեղից, իմ եղունգների տակ գոնե պետք է արյուն մնա՞, կամ էդ մարդը պաշտպանվել է, իր եղունգների տակ ինչո՞ւ ինչ-որ բան չգտան։ Ինձ բանտարկել են մի աղջկա ցուցմունքների հիման վրա, ով ցուցմունքի նախնական տարբերակում նույնիսկ կողոպուտի մասին չի խոսել։ Երևի ինչ-որ մեկն այդ աղջկան «բիթի» է գցել, որ այդ հոդվածում, որով ինձ մեղադրում էր, կտանեն մի 2-3 տարի կազատազրկեն, հոգեբուժարան կտանեն կամ կազատեն: Երկու օր անց ինքը ցուցմունքը փոխում է, ու այսօր իմ հոդվածը 104-ի 2-րդ մասն է, որը նախատեսում է ցմահ կամ 14 տարի»,- մանրամասներ պատմեց էքստրասենսի սպանության համար բանտարկված Մխիթար Մոս Մուշեղյանը։

 

 

Նրան մեղադրում են կողոպուտի նպատակով սպանություն կատարելու մեջ: Այդ առնչությամբ վերջինս ասաց՝ ինքը տեղյակ է եղել, որ Անի Մաջնունյանը գումար չի ունեցել։ «Իմ ներկայությամբ դեպքից մի 10-12 օր առաջ ինչ-որ մեկը զանգեց Անիին, 200 հազար դրամ գումար խնդրեց, Անիի մոտ չկար, ինձնից խնդրեց, ես չունեի, ասացի՝ երկուշաբթի օրը կարող եմ թատրոնից վերցնել, ասաց՝ ոչ, հիմա է պետք։ Անին զանգեց Գաբրիելին, նա ևս գումար չուներ։ Այդ խոսակցությունն իմ ներկայությամբ է եղել։ Դա նշանակում է, որ Անին չուներ անգամ 200 հազար դրամ։ Բա ես գնացել էի ի՞նչ տանեի այնտեղից։ Ինչի՞ համար, իմաստը ո՞րն է, ի՞նչ պետք է ունենար Անին, որ ես սպանեի իրեն»,- ներկայացրեց Մուշեղյանը։

 

 

Մխիթար Մոս Մուշեղյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքը և Անին շատ մոտ ընկերներ են եղել, բայց ինքն Անիի նախկին ամուսին Գաբրիելին չի ճանաչել։ «Գաբրիելին անձամբ չեմ ճանաչել, բայց Անին շատ է ինձ պատմել։ Իմ ու Անիի հարաբերություններն այնպիսին էին, որ մենք ժամերով կարող էինք խոսել մեր անցյալից, ապագա ծրագրերից։ Ճիշտն ասած՝ Գաբրիելի հարցազրույցը ևս ինձ հասել է, որտեղ ասում էր, որ ես երկար չեմ ապրի կամ չգիտեմ ինչ։ Հիմա ես դա որպես սպառնալիք ընդունե՞մ, դա ինչ հիմարություն է։

 

 

Սպանությունից օրեր հետո, «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս Անի Մաջնունյանի նախկին ամուսին սև մոգ Գաբրիելը լրատվամիջոցներին հայտարարել էր, թե ինքը մի շարք մանրամասների է տիրապետում Անիի սպանության մասով, սակայն չի կարող բացահայտել, քանի որ այն ժամանակ նախաքննություն էր ընթանում։ Այս առումով, Մխիթար Մոս Մուշեղյանն ասաց. «Ինքն ուրեմն պետք է ամենավերջին սրիկան լինի, որ մանրամասների տիրապետի ու չբարձրաձայնի։ Ես փաստացի փտում եմ ինչ-որ անասունի պատճառով։ Ես անձամբ շատ կուզեի Գաբրիելի հետ զրուցել, թող գա ինձ տեսակցության։ Բայց ինքը նման քայլի չգնաց, մի երկու ստից բաներ ասաց ու վերջ։ Ես Գաբիին ճանաչել եմ՝ որպես լավ երգիչ։ Իմ ներկայությամբ շատ է եղել, որ Անին զանգահարել է Գաբրիելին, բայց անձնապես չեմ ճանաչել»։



Հարցին՝ ո՞ւմ է կասկածում կամ ըստ իրեն՝ ո՞վ կարող էր Անիին առանձնակի դաժանությամբ սպանել, մեր զրուցակիցն ասաց, որ անուններ տալ չի կարող. «Բայց ես վստահ եմ, որ ինձ մեղադրողի մատն էլ խառն է այստեղ։ Հիմա, եթե ես մի հատ ստից անուն տամ, էդ մարդը կհայտնվի կողքիս խցում։ Ես դա չեմ ուզում, որովհետև ես ինքս չգիտեմ էդ հարցի պատասխանը։ Կասկածել կարող եմ, մի 10-15 հոգու էլ կասկածեմ, բայց չեմ կարող բարձրաձայնել, որովհետև այդ մարդիկ կհայտնվեն ճաղերի ետևում։ Բայց հնարավոր է, որ այդ 15-ի մեջ էլ չլինի իրական մարդասպանը։ Ես չեմ պատրաստվում օգնել իրավապահ մարմիններին, քանի որ իրենք ինձ ազատության մեջ չթողեցին, որ ես էլ փորձեի օգնել նրանց։ Այսօր իրավապահները դարձել են իմ թշնամին։ Նրանք մի՞թե չեն նկատում գործում առկա հակասությունները։ Եթե նկատում են ու ինձ շարունակում են անազատության մեջ պահել, ապա դա նշանակում է, որ նրանք ակնհայտ թշնամանք ունեն իմ նկատմամբ»։



Քրիստինա Աղալարյան