Ճարտարապետ Լաերտ Թովմասյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ին, այլ պետական այրերին մի նախագծի շուրջ, ըստ որի առաջարկում է Հանրապետության հրապարակում նոր ճարտարապետական շինություն կառուցել, փոխել մեր երկրի օրհներգը, զինանշանը և դրոշը:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ճարտարապետ Լաերտ Թովմասյանի հետ՝ ներկայացնելու, թե ինչ նոր նախագիծ է նա առաջարկում:

 

 

Մեզ հետ զրույցում ասաց, որ ըստ նախագծի առաջարկում է կառուցել «Բարի լուր» ճարտարապետական հոգևոր հուշահամալիր, որն իր տարածական հորինվածքով մերվելու է թամանյանական գողտրիկ ճարտարապետական համալիրի ներդաշնակությանը և շարունակելով հայկական կամարապարի թեման՝ նոր շունչ ու նոր կյանք է հաղորդելու նրան:

 

 

Այն աստվածաշնչյան յոթ խորհուրդների կուռ համադրությամբ դինամիկ կոմպոզիցիա է՝ եռաշերտ ծիածանաթռիչքով, որտեղից էլ 11մ բարձրությամբ խաչ է բարձրանալու:

 

 

Ճարտարապետ առաջարկում է նաև փոխել հիմնը, դրոշը, օրհներգը:

 

 

Առաջարկվող զինանշանի մեծ ու փոքր Արարատները խորհրդանշում  են Հայաստան աշխարհը, ցորենի հասկերն ու խաղողի ողկույզը խորհրդանշում են Հիսուսի մարմինն ու արյունը: Զինանշանի շրջագծի վերին մասում պարզվել է Ավետարանի հզոր հռչակումը՝ Տեր Աստված սեր է:

Դրոշն ունենալու է գունային նույն համադրությունը, սակայն կապույտին ավելանալու է ջրհեղեղի ալիքների մեջ երևացող Արարատ լեռը:

 

 

 

 

Առաջարկվող օրհներգն աշխարհին ներկայանում է ցնծության և ուրախության ձայներով, որը լինելու է Արամ Խաչատրյանի մեղեդային, հոգևոր երաժշտությունը՝ գրված Խորհրդային Հայաստանի օրհներգի համար: