Պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված արտասովոր նվեր է պատրաստել։ Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ այս տարվա սկզբին թողարկվել է խորհրդանշական ակցիա՝ Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի դրոշներն ուղարկվել են տիեզերական ճանապարհորդության՝ Միջազգային տիեզերակայան։
Novostnik.ru-ն հաղորդում է, որ բարերար Հրաչյա Պողոսյանը նախևառաջ դիմել է Տիեզերագնացության ֆեդերացիայի Հյուսիս-արևմտյան բաժնի առաջին փոխվարչապետ Օլեգ Մուխինին։ Վերջինս սատարել է նախաձեռնությանը։ Նախաձեռնությունը ստացել է նաև «Ռոսկոսմոս»-ի ղեկավարության աջակցությունը: Հրաչյա Պողոսյանն իր նախաձեռնության համար Էջմիածնում օրհնություն է ստացել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից:
Ռուսաստանում՝ մարտի 2-ին, Հայաստանի դեսպանատան շենքում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի խնդրանքով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն ընդունել է հյուրերին, որոնց թվում են եղել Հրաչյա Պողոսյանը և ՌԴ հերոս, տիեզերագնաց Օլեգ Արտեմևը, որն էլ պետք է դրոշները հասցնի Միջազգային տիեզերակայան:
Հաղորդվում է, որ այժմ դրոշները հերթական պտույտն են կատարում Երկիր մոլորակի շուրջ: Ռուս տիեզերագնացների անձնակազմը Երկիր է վերադառնալու սեպտեմբերին: Հոկտեմբերին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևան է ժամանելու Ռուսաստանի պատվիրակությունը, որի կազմում են լինելու նաև տիեզերագնացները, որոնք էլ կփոխանցեն դրոշները Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի իշխանություններին: