Երեկ նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը, որից հետո պաշտոնապես հայտարարվեց դաշնակցականներին տրվելիք պորտֆելների մասին։ Ըստ այդմ՝ ՀՅԴ-ն իշխող կուսակցության հետ կոալիցիայի արդյունքում ստացավ Էկոնոմիկայի, Կրթության գիտության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարների և Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոնները։ Բնականաբար, կարելի է ենթադրել, որ հիշյալ պաշտոնները զբաղեցնող անձինք նեղսրտել են։
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե պաշտոնաթողությունից հետո ինչ է պատրաստվում անել, ինչո՞վ է պատրաստվում զբաղվել։ «Ինչով որ կզբաղվեմ։ Դա հիմա այդքան կարևո՞ր է»,- ասաց արդեն նախկին մարզպետը: Այլ պաշտոնի նշանակվելու հետ կապված՝ Սահակյանը հստակ պատասխան չտվեց. «Կլինի՝ կիմանաք»։
Կառավարության այսօրվա նիստը մեկ ժամով հետաձգվել է: Պատճառն այն է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկայացրել է նորանշանակ նախարարներին՝ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին և Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: