Հայաստանում 2022 թվականի փետրվարից, ամենայն հավանականությամբ, կարձանագրվի էլեկտրաէներգիայի սակագնի աճ: Այս մասին այսօր հայտնել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Սակայն, ուշագրավն այստեղ ոչ այնքան թանկացման փաստն է, ինչն իրականում ավելի քան սպասելի էր, այլ այն հանգամանքը, որ թանկացումը տեղի է ունենում այն իշխանությունների օրոք, որոնք մշտապես աչքի են ընկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքելով:

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները մասնակցել են Էլեկտրիկ Երևան շարժմանը: Ընդ որում, ոչ միայն այդ շարժմանը, այլ նաև տրանսպորտի սակագնի դեմ ցույցերին, Մաշտոցի պուրակում բողոքի ակցիաներին: Այդ ակցիաներին մասնակցում էին Հայկ Մարությանը, Դանիել Իոաննիսյանը, Զարուհի Բաթոյանը և մյուսները: Հայկ Մարությանի ներկայիս խոսնակը՝ Հակոբ Կարապետյանը, Էլեկտրիկ Երևանի գործով նույնիսկ  տուժող էր ճանաչվել:

Այն ժամանակ, որպես ընդդիմադիր, որպես ակտիվիստ` նրանք դեմ էին էլեկտրաէներգիայի թանկացմանը և կառավարությունից պահանջում էին քայլեր գործադրել թանկացումները կանխելու համար, իսկ այսօր, լինելով կառավարության անդամներ, զբաղեցնելով այլ զանազան պաշտոններ, վերջիններս ուսերն են թոթվում և հայտարարում, որ ոչինչ փոխել հնարավոր չէ. էլեկտրաէներգիայի թանկացումը այլընտրանք չունի ստեղծված իրավիճակում:

 

Ընդդիմադիր Փաշինյանը բազմիցս է ԱԺ ամբիոնից անդրադարձել էլեկտրաէներգիայի թանկացման հարցին:

Արդեն վարչապետ Փաշինյանը կրկին խոսել է այս հարցի շուրջ և հուսադրող հայտարարություններ արել:

Ինչպես տեսնում ենք՝ նախկինում ակտիվիստ, այսօր արդեն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք ոչ միայն մոռացել են, թե ինչի համար էին տարիներ առաջ պայքարում, այլ բացահայտ կերպով հրաժարվում են կատարել նաև ի պաշտոնե տված խոստումները: