Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում իր հրաժարականի մասին տված խոստումն ընդամենը կատակ էր, և դա պետք է հասկացվեր լրագրողի հետ իր զրույցի տոնայնությունից:
Թեև պետական պաշտոնյաներին հարիր չէ նման հարցերում կատակել անգամ լրագրողների հետ, սակայն, Քերոբյանն իր հրաժարականի վերաբերյալ խոսել է այլ ամբիոններից ևս:
Դիցուք՝ Վահան Քերոբյանը նման հայտարարություն արել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե- 2022–ի քննարկման ժամանակ` պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հարցին, թե արդյոք նախարարը պատրաստ է տնտեսական երկնիշ աճ չգրանցվելու դեպքում պահել իր խոստումը և հրաժարական տալ: «Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող պատասխան տալ ինֆլյացիայի համար։ Իսկ անվանական աճը մեզ մոտ կարող է 15 տոկոս էլ ստացվել։ Անվանականով աճը երկնիշ հաստատ կլինի։ Եթե չլինի, ես հրաժարականիս դիմումը կտամ պարոն վարչապետին»,- նշել էր Քերոբյանը։
Նույն պնդումը Քերոբյանը արել է Աժ ամբիոնից:
Ինչպես հասկանում ենք` Վահան Քերոբյանը այսօր զավեշտալի փորձեր է կատարում իր իսկ ստանձնած պարտավորություններից հետ կանգնելու, ինչը ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչների՝ պետական ինստիտուտներին, պետական պաշտոնյայի պատասխանատվությանը, սեփական խոսքին վերաբերմունքի տիպիկ դրսեւորում է...