Վերջին օրերը էկոնոմիկայի նախարարի համար բավական անհաջող էին, տպավորություն է, որ աստղերը երես են թեքել ամբիցիոզ Վահան Քերոբյանից, և վերջինիս նախանշած աննախադեպ և ռեկորդային ցուցանիշները մեկը մյուսի հետևից հերքվում են:
Դիցուք՝ էկոնոմիկայի նախարարը ավետել էր, որ Հայաստանին սպասվում է ոչ ավել , ոչ պակաս՝ տուրիզմի 319 տոկոսի աճ: Քչերը հետաքրքրվեցին, թե ինչու ոչ' 320 և ինչը պետք է գրավի տուրիստներին հետպատերազմյան երկրում, որի սուվերեն տարածքում թշնամական զորքեր են գտնվում: Սակայն, զբոսաշրջության կոմիտեն որոշել էր քար գցել Քերոբյանի ռեկորդների վրա: Պարզվում է, այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 22,2 %–ով։ Նշված ժամանակահատվածում Հայաստան է այցելել 239 263 զբոսաշրջիկ։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 307 590 էր։
Նույն Քերոբյանը ասում էր, որ գնաճը հանրապետությունում չնչին է և չի կարող որևէ կրիտիկական ազդեցություն ունենալ: Մինչդեռ Հայաստանի սպառողական շուկայում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի նկատմամբ 8.2% գնաճ է գրանցվել: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները: 12-ամսյա գնաճի տեմպերը վերջին երկու ամիսներին նկատելիորեն արագացել են: Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների՝ մինչև 2021 թվականի տարեվերջ Հայաստանում բարձր գնաճը կպահպանվի, և միայն եկող տարվա սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու մի քանի ամիսների ընթացքում կհասնի թիրախային 4%-ին:
Մեկ այլ դրվագ: Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և «ավետել», որ Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները նշելիս նախարարոթյունը, սակայն, մոռացել է մի «չնչին» մանրուք շեշտել, թե որ ժամանակահատվածի համեմատությամբ է այդ տնտեսական աճը։ Իսկ սովորաբար համեմատությունն արվում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ։ Եթե համեմատում ենք 2020թ երկրորդ եռամսյակի հետ, կարող ենք միանգամից արձանագրել էկոնոմիկայի նախարարության մանիպուլյացիան, քանի որ 2020թ երկրորդ եռամսյակում Հայաստանում տոտալ լոքդաուն էր հայտարարված, այսինքն' տնտեսությունը փաստացի զրոյի վրա էր:
Վահան Քերոբյանը խոսում էր նաև Հայաստան հորդացող ներդրումների մասին: Sակայն այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ: Առաջին կիասմյակում օտարերկրյա ներդրողների միջոցներով Հայաստանում ընդամենը մոտ 7 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել (սա ներառված է կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության մեջ)։ Հատկանշական է, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այն կրճատվել է 31.8%-ով։ Սա ուղղակիորեն խոսում է այն մասին, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանում ոչ միայն չեն ակտիվանում, այլև՝ գնալով ավելի են պակասում։
Տարեվերջին Քերոբյանը երկնիշ տնտեսական աճ էր խոստանում, հակառակ դեպքում' սպառնում էր հրաժարական տալ: Մինչդեռ, ըստ Համաշխարհային բանկի նոր կանխատեսումների, 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3.4%:
Ինչպես տեսնում ենք՝ կամ ամբողջ աշխարհը ձայնը մեկ է արել ընդդեմ Վահան Քերոբյանի և քանդում է վերջինիս առաջ քաշած միֆերը, կամ նա ի սկզբանե մոլորեցրել էր հանրությանը և այդ հանգամանքը այսօր ջրի երես է դուրս գալիս...