Ոստիկանությունը, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և որոնողական բոլոր անհրաժեշտ միջոցառումները, շարունակել է ծավալուն աշխատանքները 2015թ. դեկտեմբերի 24-ին Երևանի Մայիսի 9-ի փողոցի բուքմեյքերական գրասենյակում կատարված սպանության գործով հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՌԴ համապատասխան ստորաբաժանումների գործընկերների հետ համագործակցության արդյունքում, փետրվարի 18-ին ՌԴ Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է Կարեն Շահինյանը: Ներկայումս լուծվում է նրան Հայաստան արտահանձնելու հարցը: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

2015թ. դեկտեմբերի 24-ին' ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:

 

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ, պարզվել էր սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը' 1983թ. ծնված, նախկինում դատված Կարեն Շահինյանը: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել էր միջպետական հետախուզում: