Այսօր՝ մարտի 1-ին նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում գազի խողովակի պայթյունից տուժած, Արարատի մարզի Այնթափ համայնքում բնակվող Պետրոսյանների ընտանիքի անդամները:
Այս մարդիկ արդեն 3 տարի է, ինչ առանց տանիքի են մնացել, կորցրել են իրենց առողջությունն ու նյարդերը, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հրաժարվում է բնակարանի համար փոխհատուցում տալուց:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ ընտանիքի անդամները ցանկանում են հանդիպել Սերժ Սարգսյանի հետ՝ հույս ունենալով, որ նախագահն իրենց խնդրին լուծում կտա:
Ընտանիքի անդամները պատմում են, որ մինչ գազատարի պայթյունն իրենք գազի սպասարկման ծառայությանը հայտնել են խողովակի վնասված լինելու մասին, խոստացել են, բայց չեն զբաղվել խնդրով:
Գազատարից գազը լցվել է տան՝ փոքր տղայի ննջասենյակ, երբ նա փորձել է կրակայրիչը վառել, հրդեհ է բռնկվել, այրվել է տղայի մարմնի 55%-ը, կրակին հաջորդել է պայթյունը, ինչի հետևանքով էլ պատերից մեկը փլվել է փոքր աղջկա վրա: Սկզբից կարծել են, որ աղջիկը մահացել է, սակայն հրաշքով փրկվել է և այսօր պաստառը ձեռքին բնակարան էր պահանջում: