Ռեգնումը հայտնում է, որ փետրվարի 15-ին Բաքվում կայացած հավաքի ժամանակ, Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչ Ռոլան Կոբիան հայտարարել է, որ պետք է փակել Հայաստանի ատոմակայանը: Նա նշել է, որ չնայած Ադրբեջանում միջուկային գործարաններ չկան, այդուհանդերձ տարածաշրջանում կան երկրներ, որոնք ատոմակայան ունեն եւ ռադիոակտիվ վարակի հավանականություն կա:
Սովորաբար, Ադրբեջանում եվրոպացի կամ այլ արտասահմանցի դիվանագետների հայտարարությունները այդ երկրի լրատվամիջոցները փոխանցում են որոշակիորեն խեղաթյուրված:
Թե ինչի հետ գործ ունենք տվյալ պարագայում, պարզ չէ: Բայց, նկատի ունենալով այն, որ շատ եվրոպացի չինովնիկներ անգամ Եվրոպայում են գտնվում ադրբեջանական լոբբինգի ազդեցության տակ, կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել այդ լոբբինգի ազդեցությունը Բաքվում գտնվող եվրաչինովնիկների համար:
Այդ տեսամկյունից, Կոբիայի արտահայտությունները միանգամայն հասկանալի ու բացատրելի են: Իհարկե, Եվրամիությունը Հայաստանի հետ վաղուց է բանակցում ատոմակայանը փակելու վերաբերյալ, բայց նաեւ Հայաստանը վաղուց է շատ հստակ նշել, որ գործող հին ատոմակայանը կփակվի, եթե կառուցվի նորը: Պատճառը շատ պարզ է՝ ատոմակայանը Հայաստանի էներգետիկ անվտանգության հուսալի երաշխիքներից մեկն է, որը չլինելու պարագայում Հայաստանը կհայտնվի չափազանց կախյալ վիճակում՝ ոչ միայն գրեթե բոլոր մնացյալ էներգետիկ հզորությունները տնօրինող Ռուսաստանից, այլ նաեւ էներգակիրի ճանապարհ հանդիսացող բոլոր այլ երկրներից:
Այն, որ ցանկացած ատոմակայան ունի անվտանգության խնդիր, աներկբա է: Բայց, եթե բոլոր խնդիրների լուծումը լիներ արգելելը կամ փակելը, ապա Եվրոպան օրինակ հաստատ չէր լինի ներկայիս զարգացածության մակարդակին, այլ կմնար պատերազմների, ազգամիջյան բախումների այն ճահճում, որը Եվրոպայի համար արժեցել է զգալի կորուստներ թե նյութական, թե մարդկային իմաստով:
Զարգացման բերում են կառուցողական լուծումները: Եվրամիությունն այդպես է զարգացել, ու նաեւ զարգացման այդպիսի ճանապարհ է առաջարկում իր գործընկեր, հարեւան երկրներին, այդ թվում Հայաստանին: Իսկ Հայաստանի զարգացման գրավականներից մեկն էլ՝ թե տնտեսական հեռանկարի, թե անվտանգության իմաստով, միջուկային էներգետիկան է: Հետեւաբար, եթե Եվրոպան իսկապես պատրաստ է Հայաստանի զարգացման, եվրաինտեգրացիայի հարցում լինել Հայաստանի արդյունավետ գործընկերը, մասնավորապես ատոմակայանի հարցում ավելի ճիշտ ընտրություն կլինի անվտանգության ապահովման հարցում օժանդակությունը՝ փակելու մասին կոչերի փոխարեն: Կամ նոր ատոմակայանի կառուցման հարցում ֆինանսական աջակցությունը:
Այդ տեսանկյունից, Եվրոպայի համար միգուցե լավ օրինակ կլինի Միացյալ Նահանգները, որ բոլորովին վերջերս պատրաստակամություն ստանձնեց աջակցել Հայաստանին գործող ատոմակայանի աշխատանքը տասը տարով երկարաձգելու եւ անվտանգության ապահովման հարցում:
Վերջին հաշվով, զարգացող եւ ինքնիշխան Հայաստանն է, որ կարող է լինել քաղաքակիրթ աշխարհի հուսալի գործընկեր, արդյունավետ գործընկեր, եվրաինտեգրացիայի հաջողակ օրինակ: Առանց միջուկային էներգիայի, Հայաստանը հազիվ թե ունենա արդյունավետ զարգանալու հնարավորություն՝ գլոբալ իմաստով:
Վերջին հաշվով, Հայաստանի միջուկային էներգետիկան ունի տարածաշրջանային անվտանգության նշանակություն, հետեւաբար տարածաշրջանային քաղաքականության գլոբալ խաղացողներին երեւի թե չարժե մտնել ապակառուցողական հունի մեջ եւ ոչ միայն տարբեր չինովնիկների շուրթերով թիրախավորել տարածաշրջանային անվտանգության այդ կարեւոր ինստիտուտը, այլ նաեւ բացասական տարածաշրջանային արձագանք ձեւավորել դրա նկատմամբ հարեւան երկրներում, ինչը ամենեւին չի բխում հարավկովկասյան կայունության շահից:
Ավելին, այդ շահը պահանջում է արդեն իսկ իրացվող հայկական միջուկային իրավունքի հանդեպ տարածաշրջանային հարգանքի ձեւավորման քաղաքականություն՝ ի նպաստ հարավկովկասյան խաղաղության: Եվ եթե նույնիսկ անվտանգության երաշխիքը հին է, ապա պետք է այն նորով փոխարինելու մասին միայն մտածել: