Lragir.am. Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել հրետանային համազարկի ռեակտիվ հրթիռային Սմերչ զինատեսակը, որը զանգվածային ոչնչացման զենք է եւ իր տեսակի մեջ համարվում է աշխարհում լավագույնը: Սմերչը վարկյանում կարող է ավերել 67 հեկտար տարածության վրա գտնվող ամեն ինչ: Սմերչն իր անվանը համահունչ իսկապես սարսափելի զենք է: Եվ այդ զենքը մեր դաշնակիցը տվել է մեր թշնամու ձեռքը, որ Բաքուն շատ չչարչարվի կացինով հայերին մեկ առ մեկ վերացնելու համար: Բաքվում էլ գցել բռնել են, որ ավելի լավ է թանկարժեք Սմերչ ձեռք բերել, քան հետո ավելի շատ փողեր ծախսել տարբեր երկրներից ադրբեջանցի մարդասպաններին Պուտինի ընկերների օգնությամբ հայրենիք վերադարձնելու եւ նրանց հերոսի կոչում տալու համար: Ամեն ինչ պարզ հաշվարկ է, որի վրա կառուցված է բիզնեսը: Իսկ Ադրբեջանն ու Ռուսաստանը, ինչպես հայտնի է, բիզնես են անում, ուրիշ ոչ մի բան՝ թող հայերը հանկարծ վատ բան չմտածեն:
Բայց, ռուս-ադրբեջանական բիզնեսի հայրերը կարծես թե հայ ժողովրդի մասին այդքան էլ վատ կարծիքի չեն: Համենայն դեպս, կարծես թե իրենք էլ չեն հավատում, որ Հայաստանի հասարակությունը կարող է հավատալ այդպիսի հեքիաթներին: Դրա համար էլ հրապարակ են իջնում արդեն լեգենդներ տարածաշրջանային հավասարակշռության մասին: Միայն թե հայ ժողովուրդը վատ բան չմտածի:
Վատ բան մտածել իսկապես պետք չէ: Պետք է լավ բան մտածել: Իսկ լավ բանը տվյալ դեպքում կարող է լինել միջուկային զենքը: Հայ ժողովուրդը պետք է մտածի միջուկային զենքի մասին: Իհարկե, շատերի համար այսօր ծիծաղելի կթվա այդպիսի մտորումը, այն դեպքում, երբ Հայաստանի հասարակության 35 տոկոսն աղքատ է: Երբ մարդիկ հաց չունեն ուտելու, միջուկային զենքի մասին մտածելն իսկապես ծիծաղելի կլինի:
Բայց ընտրությունը պարզ է՝ կամ ծիծաղում ենք, կամ սպասում, թե երբ է արեւլյան կողմից Հայաստանի եւ Արցախի վրա գալու Սմերչը: Երրորդ տարբերակը միջուկային զենքի ստեղծման գործընթացին ձեռնամուխ լինելն է, որովհետեւ հակառակ դեպքում՝ ինչ որ պահի արդեն Հայաստանի բնակչության 35 տոկոսը ոչ թե աղքատ կլինի, այլ ռուս-ադրբեջանական բիզնեսի զոհ:
Դա ամենեւին խուճապ չէ: Եթե ադրբեջանցիներն ու ռուսներն իրենց տալիք-առնելիքն են հաշվում, Հայաստանն էլ պարտավոր է հաշվել իր հեռանկարները: Իսրայելը խուճապից չէ, որ ինքզինքը ապահովել է միջուկային զենքով, այլ պարզ հաշվարկից ելնելով: Ադրբեջանը զինվում է եւ բավական սրընթաց: Այդ գործընթացը Հայաստանի համեմատ դեռեւս չի բերել որոշիչ առավելության, բայց տեմպերը մտահոգիչ են, իսկ ռեսուրսները՝ խիստ անհավասար: Բայց, այդ ամենից բացի, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում մեկ այլ բան՝ Հարավային Կովկասում նորմ է դառնում քաղաքական անբարոյականությունը, դաշնակիցների մեծածախ վաճառքը: Դա Հայաստանի ամենամեծ վտանգն է, անկախ Ադրբեջանի արսենալի համալրումից: Հետեւաբար, Հայաստանի համար անվտանգության այլընտրանք, քան միջուկային զենքը, կարծես թե չի մնում:
Դա տեւական գործընթաց է, բավական բարդ տնտեսական եւ քաղաքական գործընթաց, ինչը առավել եւս ծանրանում է Հայաստանում առկա պետական մակարդակի թալանի եւ կոռուպցիայի, ռեստորանների մենյուից բացի որեւէ այլ բան ընթերցելու, ընկալելու եւ հաշվարկելու անընդունակ իշխող «էլիտայի» պայմաններում: Բայց, եթե Հայաստանի հասարակական մակարդակով այդ խնդիրն արդեն այժմ չդառնա օրակարգային հարց, ապա վաղն արդեն կարող է շատ ուշ լինել: Միջուկային զենքը պետք է դառնա Հայաստանում հասարակական պատվեր: Միայն այդպես կվերականգնվի տարածաշրջանում սպառազինությունների եւ գլխավորը՝ բարոյականության հավասարակշռությունը:
Ընդ որում, այն տերությունները, որոնք շահագրգռված են այդ հարցում, պետք է շահագրգռված լինեն նաեւ Հայաստանին միջուկային զենքով ապահովելու հարցում, եւ որքան հնարավոր է արագ: Հարավային Կովկասը քաոսից եւ որպես աշխարհաքաղաքականության ստեղծագործական հեռանկարային հարթակ ոչնչացումից կարող է ապահովագրել միայն Հայաստանը, ինչի համար Հայաստանին պետք է միջուկային զենք, դրա ստեղծման գործում քաղաքական եւ տեխնոլոգիական աջակցություն:  

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ