ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակի օրը' մարտի 5-ը սկսվեց նրա ծննդավայրում հանդիսավոր արարողությամբ: Վաղ առավոտյան Արարատ գյուղ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, վարչության աշխատողներ, մարզային կառույցի աշխատողները ' մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, սպարապետի մարտական ընկերները, ԵԿՄ անդամներ' տարբեր մարզերից, այլք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' պատվավոր հյուրերը նախ այցելեցին սպարապետի ծնողներին' Գրետա մայրիկին եւ Զավեն Սարգսյանին: Նրանք շնորհավորեցին կորյուն զավակ, մեծ քաղաքական գործիչ եւ հայրենանվեր զավակ ունենալու կապակցությամբ, ընդգծելով, որ Վազգեն Սարգսյանը համայն հայությանն է: Գրետա մայրիկի օրհնությունը ստանալուց հետո հյուրերը տուն-թանգարանի բակում' կիսանդրու մոտ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ խորնարհեցին: Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Վազգեն Սարգսյանի անվան զորմասի զինվորները: Կիսանդրու մոտ' պատվո պահակ, իսկ տուն-թանգարանի դիմաց հանդիսավոր տողան էին կազմել պատանի երկրապահները' զինղեկ Արտակ Խաչատրյանի ղեկավարությամբ:
Մարտի 5-ը' Վազգեն Սարգսյանի ծննդյանը օրը' ողջ Հայաստանով մեկ հայտարարված է պատանի երկրապահների երդման օր, ուստի, բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ մարզի դպրոցների 30 պատանի երկրապահներ հանդիսավորությամբ երդվեցին սիրել հայրենիքը, հայոց բանակը, հանդիսանալ հայոց անկախ պետականության գաղափարակիցն ու մշտական պահապանը: Այնուհետեւ, Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը կատարեց օրհնության կարգ'ապագա զինվորներին հորդերելով հայրենիքին վերաբերվել հարազատ մոր նման, եւ միշտ պատրաստ լինել գիտակցված մահվ ան: «Նայելով խիզախ երիտասարդներին իրականություն են դառնում սպարապետի խոսքերն ու երազանքը: Այդ երիտասարդները գալիս են հիմնավորելու, որ երկրի պաշտպանության համար զենքից ու զրահատեխնիկայից առավել' կարեւորը զինվորի ոգին է»,-ասաց Տեր Դավիթ քահանա Սահակյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գրետա մայրիկն ասաց. «Ես հպարտ եմ, որ ազգին հայրենանվեր որդի եմ տվել, որն իր ընկերների հետ մեկտեղ մեծ նվիրումով, արյան, կյանքի եւ հայրենասիրական զգացումներով կերտեցին անկախ հանրապետություն: Երբ ես նայում են նրանց պատմական գործին' իմ վերքը, մայրական վիշտը դրանով սփոփվում է»:
Բարձրաստիճան հյուրերը միջոցառումը շարունակեցին Ծիծեռնակաբերդում: Իսկ գյուղում' պատանի երկրապահները, տարբեր մարզերից ժամանած նրա մարտական ընկերները, բոլոր երկրապահները մասնակցեցին «Սասնա Ծռեր» պարային համույթի համերգին: Նրանք հանդես եկան Սասունի, Մուշի, Վանի ազգագրական պարերով: Հնչեցին հայրենասիրական երգեր: Ողջ Արարատ գյուղով մեկ հնչում էր սպարապետի ձայնը. «…Երկրապահի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե ոչ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ իր մարմնով, իր արյամբ ծածկեց հանրապետության սահմանները եւ իր արյունով ստեղծեց հայոց բանակ…»:
Արարատի մարզի պատանի երկրապահները' զինղեկների ուղեկցությամբ ուխտագնացություն կատարեցին Խոր Վիրապ:
Լիլիթ Մաճկալյան