Դրսում արդեն 2016 թվականն է, իսկ մենք՝ հայերս, դեռ չենք կարողանում սովորել մի պարզ բան, որ առնվազն անլուրջ է, երբ մի քանի հոգի ամբողջ ժողովրդի անունից հայտարարություն են անում՝ առանց այդ ժողովրդի մեծամասնության կարծիքն իմանալու: Եթե ամբողջ ժողովրդի անունից իրենց թույլ են տալիս խոսել «հինգուկես» հոգանոց «մանրահավաքներ» կազմակերպող՝ ռադիկալ ընդդիմադիրները, դա դեռ գոնե հնարավոր է որպես հումոր անցկացնել, բայց եթե նման բան անում է ոչ ավել ոչ պակաս՝ երկրի Արտաքին գործերի նախարարությունը, ապա դա իսկապես մտահոգիչ է՝ մեղմ ասած:

 

Մեր՝ ոչ բարով հարևան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ մեր ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել: Բայց գոնե միայն ցավակցությամբ բավարարվեին... Ոչ, հայտարարության մեջ նույնիսկ ասվել է. «Մենք սգում ենք Անկարայի պայթյունի զոհերի համար...»:

 

Զգում եք, չէ՞ «նրբությունը», զգում ե՞ք՝ ինչ է կատարվում. փաստորեն, «մենք» սգում ենք թուրքերի համար, փաստորեն ես էլ եմ սգում, դուք էլ եք սգում: Հայտարարության մեջ կոնկրետացված չէ, որ միայն ԱԳՆ-ն է սգում, հայտարարությունը երկրի անունից է, այսինքն՝ մեր անունից: Իսկ մեզ ինչ-որ մեկը հարցրե՞լ է՝ սգո՞ւմ ենք մենք, թե՞ ոչ: Իսկ միգուցե մեզանից ոմանք ուրախությունից պարո՞ւմ են, հնարավոր է, չէ՞՝ այդպես էլ լինի:

 

Ինձ մնում է անել հակառակ հայտարարությունը. Մեր հարգելի ԱԳՆ, մեր լռակյաց ԱԳՆ, որ լռում եք Թուրքիայի կողմից Հայաստանի օդային սահմանը խախտելու դեպքում և էլի շատ դեպքերում, երբ իրականում պետք է խոսել, ես ինքս լինելով ՀՀ քաղաքացիներից մեկը՝ չեմ սգում Անկարայի պայթյունի զոհերի ահմար: Ասեմ ավելին՝ ես նույնիսկ չեմ էլ տխրել, մի սգացեք իմ փոխարեն...

 

Իսկ դուք սգու՞մ եք, հարգելի՛ ընթերցողներ...

 

Կարեն Վարդանյան