Ճապոնիայի արեւելքում 2011 թվականի մարտի 11-ին տեղի ունեցած Մեծ երկրաշարժի չորրորդ տարեդարձի օրը Տոկիոյում եւ մյուս քաղաքներում անցկացվում են սգո արարողություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
9.0 մագնիտուդով երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի հետեւանքով զոհվել է 15 հազար 890 մարդ: Մինչ այժմ անհայտ կորած է համարվում 2589 մարդ: Մարդկային կորուստների ավելի քան 90 տոկոսը ցունամիի հետեւանքով զոհվածներն են: Վիթխարի ալիքի պատճառով ավերածությունների տարածքը կազմել է 530 քառակուսի կիլոմետր, մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է 230 հազար տուն:
Տարերային աղետից վթարվել է «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանը, ինչի հետեւանքով ռադիոակտիվ աղտոտման են ենթարկվել ԱԷԿ-ի մերձակա բնակավայրերը:
Մեծ երկրաշարժից չորս տարի անց Ճապոնիայի վերականգնման գործերի նախարարության տվյալներով՝ շուրջ 230 հազար մարդ շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում, ազգականների ու բարեկամների մոտ՝ հնարավորություն չունենալով վերադառնալ իրենց տներ կամ նոր տուն կառուցել: Ճշգրիտ թիվը 229 հազար է, ընդ որում նրանց կեսը՝ 112 հազարը Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի բնակիչներն են, որը տուժել է ոչ միայն ցունամիից, այլեւ ատոմակայանի վթարից:
Այդ պրեֆեկտուրայի ավելի քան 47 հազար բնակիչներ նախընտրել են հեռանալ Ֆուկուսիմայից եւ ժամանակավոր ապաստան են գտել երկրի այլ տարածաշրջաններում: 229 հազար բնակիչներից 83 հազարն ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, չորս տարվա ընթացքում երկրի հյուսիսարեւմտյան շրջաններում, որոնց բնակիչներն ապրում են ձկնորսության եւ ծովամթերքի վերամշակման հաշվին, վերականգնվել է այն նավահանգիստների շուրջ 90 տոկոսը, որոնց բաժին է հասել ցունամիի առաջին հարվածը: Ատոմակայանի վթարից չտուժած շրջաններում հողագործության համար վերականգնված է գյուղատնտեսական հանդակների մոտավորապես 70 տոկոսը, որոնք անպիտան էին դարձել ցունամիից հետո հողի աղակալման պատճառով: