Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչության առնչությամբ: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մենք սգում ենք Անկարայի պայթյունի զոհերի համար: Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին»,- ասվում է գրառման մեջ:
Անկարայում հերթական ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ին քաղաքի կենտրոնական հատվածում՝ ավտոբուսի կանգառներից մեկում, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի աշխատավայրի մոտ' Գյուվեն այգու մոտակայքում: Պայթյունի ժամանակ նշված տեղանքում մեծ թվով մարդիկ են եղել: Ամբողջությամբ այրվել է մեկ ավտոբուս:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 34 մարդ, 125-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից 19-ի վիճակը ծանր է:
Ոստիկանության նախնական վարկածով՝ պատահարը տեղի է ունեցել ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով, որը կայանված է եղել երկու ավտոբուսների միջև: