ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը դրական է գնահատում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը՝ կուսակցություն ստեղծելու և Մարտի 1-ի հնարավոր բացահայտման վերաբերյալ։ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում վերջինս նշեց՝ Օսկանյանը պետության պատասխանատուներից մեկն է եղել, և Մարտի 1-ի ողջ անցուդարձն իր աչքի առաջ է կատարվել։

 

«Այնպես որ՝ եթե իրականում նա լծվի Մարտի 1-ի բացահայտման գործին, միայն դրական արդյունք կակնկալենք: Ես ցանկանում եմ, որ ինքը պարտադիր մասնակցի բացահայտմանը, դա շատ լավ կլինի։ Եթե նույնիսկ այնտեղ տեսնենք էլեմենտներ, որոնք խոչընդոտում են, կհասկանանք, թե իրականում ինչ է կատարվել Մարտի 1-ին։ Չէ՞ որ Մարտի 1-ն իշխանական համակարգի գործարքն է եղել։ Տեսնենք՝ ինչ կարող է անել մարդը, ով ուղիղ եղել է իշխանական վերնախավում։ Ես ողջունում եմ Վարդան Օսկանյանին և նրա նախաձեռնությունը։ Եթե իշխանական համակարգից ևս երկու մարդ նման հայտարարություն անի, հուսանք, որ ի վերջո կբացահայտվի մեր 10 ընկերների սպանության և 182 վիրավորների գործը։ Ցանկացածն, ով այն ժամանակվա իշխանական վերնախավից նման բան հայտարարի, ես միայն կողջունեմ»,- մանրամասնեց Գուրգեն Եղիազարյանը։

 

Նա շեշտեց, որ ինքը նաև ողջունում է շուրջ երեք տարի առաջ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե իրեն հարկավոր է Մարտի 1-ի բացահայտումը։ «Այդ սպանություններն ի վերջո բացահայտվելու են»,- եզրափակեց Գ. Եղիազարյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Օսկանյանը Մարտի 1-ը համարում է «սև էջ», իսկ տվյալ օրվա իշխանությանը՝ պատասխանատու կատարվածի համար: