ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճշտել է ԵՊՀ-ից դուրս մնացած ուսանողի պատմությունն ու պարզել՝ համալսարանից դուրս են մնացել ևս 3 ուսանող, նույն խնդրով՝ ֆիզկուլտուրայի դասին չմասնակցելու համար. «Երկու տարվա ընթացքում նրանց հնարավորություն է տրվել վերականգնել, բայց նրանք չեն արել դա»,- ասաց նախարարը:

 

Նշենք, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հայ բանասիրության ֆակուլտետի՝ արդեն նախկին ուսանող Հովհաննես Եսայանը պնդում է՝ չորս տարի սովորելուց հետո՝ վերջին կուրսում հեռացվել է բուհից՝ համալսարանի արատավոր երևույթների մասին բարձրաձայնելու համար։

 

Հովհաննես Եսայանի հայտարարությունը նախարարը կասկածելի համարեց. «Պետք է որոշակի ապացույց լինի դրա համար, որովհետև ռեկտորն ասում է, եթե մենակ ինքը հեռացված լիներ, թերևս կարող էինք մտածել, բայց ևս երեքն են հեռացվել՝ ֆիզկուլտուրայի դասերին չմասնակցելու համար»:

 

Նախարարը հավելեց նաև, որ կփորձի ևս մեկ անգամ այս թեմայի շուրջ խոսել ԵՊՀ ռեկտորի հետ: