Աժ-ում տեղի ունեցած հայհոյախառն միջադեպի մեջ ամենամտահոգիչը միջադեպին ոչ մասնակից պատգամավորների գնահատականն է, ավելի շուտ՝ այդ գնահատականի բացակայությունը: Որևէ կոշտ գնահատական չհնչեց երևույթի վերաբերյալ, ինչից կարելի է ենթադրել, որ մեր պատգամավորները նորմալ են համարում Ազգային ժողովը «քուչի բեսեդկի» վերածվելու հանգամանքը:

 

Օրինակ, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանն ասել է, թե դա պատգամավորների խնդիրն է, այլ ոչ թե խմբակցության: Ստիպված եմ հակադարձել պարոն Մելիքյանին և ասել՝ ոչ, պարոն Մելիքյան, դա նաև խմբակցության խնդիրն է, և ոչ միայն ՀՀԿ խմբակցության, այլ՝ բոլոր խմբակցությունների և բոլոր պատգամավորների: Դուք չպետք է հանդուրժեք, որ ձեր ներկայությամբ այդ աստիճանի արժեզրկվի երկրիս բարձրագույն օրենսդիր մարմինը: Եթե դուք դա թույլ եք տալիս և հանդուրժում եք, կոշտ գնահատականներ չեք հնչեցնում, ապա մնում է ենթադրել, որ միգուցե նորմա՞լ եք համարում նման երևույթները ԱԺ-ում: Բայց դա նորմալ չէ և ցանկացած պատգամավոր դա պետք է գիտակցի:

 

Եվ անիմաստ է հույսեր փայփայելը, թե նման միջադեպերը բացասաբար չեն ազդում պատգամավորների հեղինակության վրա: Վստահեցնում եմ, որ ազդում են, ու ոչ միայն պատգամավորների, այլև՝ Ազգային ժողովի հեղինակության վրա: Հավատացնում եմ նաև, որ մարդիկ այլ տիպի խորհրդարան են ուզում տեսնել և ինչո՞ւ ոչ՝ այլ կազմով: Կարող եք չհավատալ, հասկանում եմ՝ դա ավելի ձեռնտու դիրքորոշում կլինի:

 

Կարեն Վարդանյան