Միջազգային վարկանիշավորող Moody’s Investor Service գործակալությունն իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, կանխատեսումը կայունից փոխվել է բացասականի:

 

 

Ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը Moody’s-ն իջեցրել է Ba1-ից Ba2-ի, արտարժույթով երկարաժամկետ ավանդների առաստաղը' B1-ից B2-ի: Միաժամանակ արտարժույթով պարտատմսերի և կարճաժամկետ ավանդների առաստաղը մնացել է անփոփոխ' Ba2/NP:

 

 

Որպես փոփոխությունների հիմնական դրդապատճառներ՝ նշվում են Հայաստանի արտաքին խոցելիության մեծացումը՝ պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար անորոշ հեռանկարը, փոխարժեքի փոփոխությունների նկատմամբ գերզգայունության մեծացումը և արտարժույթի պահուստների վրա սպասվող ճնշումը:

 

 

Գործակալությունը նաև շեշտում է, որ Հայաստանի տնտեսական աճի համար հավելյալ ռիսկեր է ստեղծում նաև աշխարհաքաղաքական իրավիճակը՝ պայմանավորված, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: