Սիրիայի ռազմական թղթակիցները հրապարակել են TOW հակատանկային հրթիռների օպերատորների ձերբակալության տեսանյութը, որոնք կասկածվում են 2015 թվականի նոյեմբերի 24-ին սիրիա-թուրքական սահմանին մոտ Լաթաքիա նահանգում թուրքական օդուժի կողմից խոցված ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի օդաչուների փրկության գործողության ժամանակ ՌԴ օդատիեզերական ուժերի Մի-8 ուղղաթիռը ոչնչացնելու մեջ:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռուսսկայա Վեսնա»-ի կայքը: Ռուսաստանյան Մի-8 ուղղաթիռը Սու-24 ռմբակոծիչի անձնակազմի փրկության գծով հատուկ գործողության ժամանակ հարկադրական վայրէջք էր կատարել Լաթաքիայի սարերում:

 

 

«Ռուսսկայա Վեսնան» ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 20-ին Հալեպ նահանգի Այն էլ Հարբ գյուղի մոտ ԱՄՆ-ի կողմից «չափավոր ընդդիմություն» համարվող և իսլամական «Ջաբհաթ ան Նուսրա» (Ան Նուսրա ճակատ) խմբավորմանը հավատարմության երդում տված անօրինական ռազմական կազմավորումների մարտիկները գրոհել են Սիրիական բանակի և ժողովրդական աշխարհազորի դիրքերը:

 

 

Մարտի արդյունքում բանակայինները հետ են մղել «Ան Նուսրա ճակատի» հարձակումը և հակագրոհել ավազակախմբի վրա' հարկադրելով մարտիկներին փախչել, մի քանի ավազակներ գերեվարվել են:

 

 

Ձերբակալված 4 մարտիկների մոտ ամերիկյան BGM-71 TOW հակատանկային հրթիռային երկու համակարգ է հայտնաբերվել:

 

 

Սիրիայի ազգային անվտանգության ծառայության աղբյուրը «Ռուսսկայա Վեսնա»-ին պատմել է, որ անօրինական ռազմական կազմավորումների անդամները կամավոր կերպով համագործակցում են հետաքննության հետ, նրանք տեղեկատվություն են հայտնում ահաբեկչական խմբավորման արտասահմանյան հովանավորների մասին:

 

 

«Նրանք մեզ անհերքելի ապացույցներ են փոխանցել այն մասին, թե ով և ինչպես է ամերիկյան զենքը մատակարարում ահաբեկիչներին», -հայտնել է ռազմական աղբյուրը:

 

 

Հնարավոր է՝ հենց այդ ծանրակշիռ ապացույցները, որոնց մասին ասում է աղբյուրը, կկարողանան անխուսփելի պատժից փրկել չորս «ջիհադի մարտիկներին»,- գրում է ռուսաստանյան հրատարակությունը:

 

 

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել էր Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից և վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Երկու օդաչուներն էլ կատապուլտվել էին: Օդապարիկով իջնելու ժամանակ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող և Թուրքիայի կողմից հովանավորվող թուրքմենական զինված խմբի թուրք հրամանատարը գնդակահարել է օդաչուներից մեկին: Գնդակոծության ժամանակ ոչնչացվել էր օդաչուների որոնողական-փրկարար գործողություն անցկացնելու համար ուղարկված երկու Մի-8 ուղղաթիռներից մեկը և զոհվել մյուս ուղղաթիռի ռուս զինծառայողը:

 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել էր, որ ողղաթիռի և ինքնաթիռի ու նրանց անձնակազմերի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետևանքներ է ունենալու Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների համար»: Միջադեպից հետո Ռուսաստանը մի շարք տնտեսական պատժամիջոցներ է մտցրել Թուրքիայի նկատմամբ' 2016 թվականի հունվարի 1-ից արգելելով թուրքական մթերքի ներկրումը: Ռուսաստան թուրքական արտահանման ծավալը կազմում էր տարեկան 1,27 մլրդ դոլար: