Բրյուսելի «Զավենթեմ» օդանավակայանը փակ է լինելու մինչև մարտի 28-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է օդանավակայանի պաշտոնական թվիթերյան էջը:
«Ուղևորափոխադրման չվերթները դեպի Բրյուսել և Բրյուսելից դադարեցվում են մինչև կիրակի մարտի 27-ը ներառյալ: Կապ հաստատեք Ձեր ավիաընկերության հետ հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով»,- նշված է գրառման մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական Lufthansa-ն դադարեցրել է դեպի Բրյուսել չվերչթները մինչև մարտի 28-ը:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում: Պայթուցիկները գործի են դրել մահապարտ ահաբեկիչները: Երրորդ պայթյունը որոտացել է մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 31 մարդ, վնասվածքներ են ստացել մոտ 230-ը: Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը պայթյունները որակել է ահաբեկչական գործողություններ: Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Բելգիայում պահպանվում է տագնապի չորրորդ աստիճանը: Մարտի 22-ին դադարեցվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը: