Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Boeing 737-800-ի ինքնագրիչների վերծանումից հետո հետաքննության մեջ գերիշխող է դարձել օդաչուների սխալի մասին վարկածը: Թռիչքի վերջին րոպեներին օդաչուների միջև տեղի է ունեցել սուր վեճ այն բանի շուրջ, թե հանրանավն ինչպես հանեն բարդ իրադրությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է «Կոմերսանտը»:

 

Կատարելով վայրէջքի երկրորդ փորձը՝ անձնակազմն ստիպված է եղել կրկին հրաժարվել վայրէջքից: Երկու վայրէջքամուտն էլ օդաչուները կատարել են ավտոմատ ռեժիմով, և ամեն անգամ նրանց խանգարել են եղանակային պայմանները. փոթորկալի քամին, որը մշտապես փոխել է ուղղությունը: Ուստի որոշվել է վայրէջքի մտնել արդեն ձեռքի ռեժիմով:

 

Շուրջ 270 մետր բարձրության վրա, թռիչքա-վայրէջքային գոտուց շուրջ վեց կիլոմետր հեռավորության վրա, օդաչուներից մեկը սեղմել է TOGA (Take off. Go around) ստեղնը, որը տալիս է երկրորդ շրջան հեռանալու հրաման, և անջատել է ինքնաղեկասարքը՝ կառավարումը վեցնելով իր վրա:

 

Նրա գործընկերը կարծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է իջեցնել ցռուկը: Նա գործընկերոջն աշխատել է խելքի բերել «Կանգնի՛ր: Ո՞ւր: Կանգնե՛լ: Կանգնե՛լ» բացականչություններով և միաժամանակ փորձել է դադարեցնել բարձրություն վերցնելը՝ իրենից հետ հրելով ղեկանիվը:

 

Կառավարման ազդանշանների ապահամաձայնեցման հետևանքով ինքնաթիռը ցած է սուրացել ժամում 325 կիլոմետր արագությամբ և շուրջ 45 աստիճան անկյունով: Մինչև բախումը մնացած մի քանի վայրկյանում երկու օդաչուներն էլ սոսկ ճչացել են սարսափից և հուսահատությունից:

 

Boeing 737-800-ը, որը մեկնել էր Դուբայից, մարտի լույս 19-ի գիշերը Ռոստովի միջազգային օդանավակայանում կործանվել է վայրէջքամուտի ժամանակ: Նախնական տեղեկատությամբ՝ հանրանավը չի կարողացել վայրէջք կատարել առաջին անգամ և նախ հեռացել է երկրորդ, իսկ ապա՝ երրորդ շրջան: Ավիաաղետի զոհ է դարձել 62 մարդ, այդ թվում 45 ռուսաստանցի: