Հայտնաբերվել է Դոնի Ռոստովում կործանված Boeing-ի «սև արկղերից» մեկը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:

 

«Որոնողական աշխատանքների ընթացքում դեպքի վայրում հայտնաբերվել է 2 «սև արկղերից» մեկը»,- ասել է աղբյուրը՝ չհստակեցնելով, թե ինչ վիճակում է եղել այն:

 

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին՝ տեղի ժամանակով 03։50-ին, կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է և հրդեհվել, որի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետևանքով այն մի քանի մասի է բաժանվել:

 

Նշվում է, որ օդանավի 55 ուղևորներներից 50-ը ռուսաստանցիներ են, 5-ը՝ Ուկրաինայի և ենթադրաբար՝ Ուզբեկստանի քաղաքացիներ:

 

Այս պահին դեռևս հայտնի չէ վթարի պատճառը: Նախնական տեղեկություններով՝ պատճառ կարող են լինեն վատ տեսանելիությունը և ուժեղ քամիները։